Կանադական Taline ռեստորանը կենդանություն է հաղորդում հայկական բարձրակարգ խոհանոցին

19:24   13 մայիսի, 2025

Հազարամյակներ շարունակ հայկական խոհանոցը գրավել է բոլորին՝ սկսած հին Մետաքսի ճանապարհի ճանապարհորդներից մինչև ժամանակակից խոհարարական խորհրդանիշներ, ինչպիսին է Էնթոնի Բուրդենը, գրում է Michelin-ի ուղեցույցը։

Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ Հայաստանը կլանել է համաշխարհային խոհանոցների բազմազանություն՝ հենվելով տեղական ամենաթարմ բաղադրիչների վրա։ Խորհրդանշական ուտեստներից են լավաշը (որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է), խորովածը, ժինգյալով հացը (վայրի խոտաբույսերով հաց), իչը (բուլղուրով աղցան), մանթին և ղափաման (լցոնված դդում):

Այսօր հայկական նրբաճաշակ ռեստորանները հայտնվում են ամբողջ աշխարհում՝ հիացնելով գուրմաններին իրենց ստեղծագործականությամբ։ Տորոնտոյում Ջեյքոբյան եղբայրները հարգանքի տուրք են մատուցում իրենց հանգուցյալ մորը՝ վերաիմաստավորելով ընտանեկան բաղադրատոմսերը: Անցյալ տարի նրանց Taline ռեստորանը ընդգրկվեց Michelin ուղեցույցում։

Օգտագործելով թարմ Օնտարիոյի բաղադրիչներ՝ թիմը ներկայացնում է հայկական համերը հարմարավետությամբ և թարմությամբ։ Տորոնտոյի նման գաստրոնոմիկ հարուստ քաղաքում ծաղկում է ապրում բարձրակարգ հայկական խոհանոցը։

Շեֆ-խոհարար Սեբուհ Յակոբյանի խոսքով՝ նրանք ռեստորանն անվանակոչել են  հանգուցյալ մոր՝ Թալինեոյի պատվին։ «Այս անունը միշտ արձագանք էր գտնում սրտումս։ Երբ մտածում եմ ուտելիքի մասին, մտածում եմ մորս մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մեծացել։ Մեր սեղանը միշտ լիքն էր։ Այնպես որ, բնական էր նրա պատվին հաստատություն բացելը։ Մայրիկը միշտ մեզ հետ է։ Մենք հաճախ ինքներս մեզ հարցնում ենք. «Մայրիկին սա դուր կգա՞ր»... Մենք հայկական ռեստորան ենք՝ լիբանանյան ազդեցությամբ։ Հայերն ու լիբանանցիները հայտնի են քյաբաբներով և շաուրմայով, բայց մենք ուզում ենք փոխել մեր խոհանոցի ընկալումը, ցույց տալ դրա բույրերը, համեմունքները, բաղադրիչները։

Մենք երեքով ենք. ես ամենամեծն եմ, Սերժը՝ միջնեկը՝ տնտեսագետ, զբաղվում է ֆինանսներով, աշխատավարձերով և անձնակազմով։ Սարոն՝ ամենափոքրը, մեր մենեջերն է։ Նա պատասխանատու է գինիների և կոկտեյլների ցանկի համար»։ 

Նա նշում է, որ ռեստորանում կա 25 կարմիր և 17 սպիտակ հայկական գինի։

«Մենք թթի հետ ենք խառնում օղին՝ թթի օղու (տութի օղի) համը ստանալու համար։ Մենք օգտագործում ենք արաք (լիբանանյան սպիրտ) և հայկական Արարա կոնյակ։»

Խոսելով հաստատության ինտերիերի մասին՝ Սեբուհը կրկին խոսում է իր մոր մասին։ «Մայրիկը աղմկոտ էր, բայց համեստ։ Մենք ընտրեցինք մինիմալիզմ՝ հայկական առոգանությամբ. Երևանի քարտեզ, հայկական այբուբենը՝ Արարատ լեռան տեսքով։ Եվ, իհարկե, հայկական երաժշտություն՝ Սայաթ Նովա։ Նույնիսկ այլազգները սիրում են այս տակտը»։

Երբ նրան հարցնում են, թե ինչ պետք է մարդիկ իմանան հայկական մշակույթի մասին, նա պատասխանում է. «Մենք այնքան բախտավոր ժողովուրդ ենք»։



© NEWS.am STYLE