«Հայաստանը շուկա չի համարվում եւ չեմ կարծում, որ առաջիկայում ինչ-որ բան կփոխվի». հարցազրույց հայտնի դիզայներ Մարի Աքսելի հետ

14:04   3 փետրվարի, 2014

Դիզայներ Մարի Աքսելին շատերը Հայաստանում հիշում են որպես մոդել: Բնական է, նա հենց մոդել էլ եղել է: 2004 թվականին մասնակցել է Elite Model Look Armenia մրցույթին եւ հաղթել: Մասնակցել է նաեւ գեղեցկության մի շարք այլ մրցույթների: Մոդելային գործունեության շարունակությունը, սակայն, եղավ հագուստի մոդելավորումը, ինչի մասին էլ NEWS.am STYLE–ը զրուցեց հայ դիզայների հետ:

Մոդելից՝ դիզայներ: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք հագուստի մոդելավորմամբ զբաղվել:

Որոշումը՝ ստեղծել հագուստի սեփական շարքը եւ թողարկել զգեստների նոր հավաքածու, ինձ մոտ առաջացավ հղիության ընթացքում: Ես ազատ ժամանակ ունեի, շատ էի կարդում, նայում եւ մտածում էի: Ամուսնուս հետ մանրակրկիտ ուսումնասիրեցինք Մոսկվայում նորաձեւության շուկայի ներքին խոհանոցը եւ որոշեցինք, որ ժամանակն է անել առաջին քայլերը:


Ի՞նչ դժվարություններ էիք ստիպված հաղթահարել այդ ճանապարհին:

Ինձ համար դժվար ոչինչ չկա իմ աշխատանքի մեջ: Չէ՞ որ հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում եւ ինչպես ստանալ ցանկալի արդյունքը: Այդ գործընթացից մեծ բավականություն եմ ստանում:

Հե՞շտ էր  հասնել նորաձեւ դիզայների կոչմանն այնպիսի մեգապոլիսում, ինչպիսին Մոսկվան է: Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

Այսօր ես համարվում եմ Ռուսաստանի նորաձեւության շաբաթի մշտական մասնակից: Ես հստակ գիտակցում եմ, թե ինչ է ինձ տալիս մասնակցությունը եւ ինչ անել, որպեսզի արժանապատվորեն ներկայանալ այդ պրոֆեսիոնալ հարթակում: Ինչ վերաբերում է կազմակերպչական աշխատանքներին, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Ես հպարտ եմ, որ աշխատում եմ եզակի պրոֆեսիոնալ թիմի հետ՝ կազմված Նորաձեւության շաբաթի գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Շումսկիի կողմից: Իմ խնդիրն է, առաջին հերթին, բավարարել իմ հաճախորդների հետաքրքրությունը: Հավաքածուում շատ են բամբակից եւ մետաքսից, ինչպես նաեւ news look ոճի գզեստները, մինչեւ հատակը հասնող երկար եւ կարճ զգեստները:

Մեզանով հետաքրքրված են գործընկերները, հայտնի մարդիկ, նորաձեւության բլոգերները: Ցուցադրությունից առաջ հեռախոսները պայթում էին ցուցադրությանը մասնակցել ցանկացողների զանգերից: Իհարկե, անչափ հաճելի է, երբ մարդիկ հետաքրքրված են քո գործունեությամբ: Ամեն անգամ ցանկանում եմ զարմացնել հանդիսատեսին մնայուն ոճով: Չէ՞ որ ցուցադրությանը գալիս են իմ հաճախորդները: Ես մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում ցուցադրություններին, ամեն մանրուք հաշվարկված է: Գուցե ես անկեղծ եմ եւ իմ գործն անում եմ սիրով, եւ մարդիկ այդ զգու՞մ են: Ես բաց եմ բոլորի համար:

Ի՞նչն է ոգեշնչում Ձեզ նոր հավաքածուներ ստեղծելիս:

Ես շատ եմ մտածում, կարդում եւ, որպես արդյունք, ոգեշնչումն ինձ դրդում է ստեղծագործել, ստեղծել ինչ-որ նոր եւ հրաշալի բան: Հին ֆիլմեր եմ շատ դիտում, դրանք միաժամանակ ե՛ւ ժամանակի մեքենա են, ե՛ւ համակարգ, որը վերադարձնում է անցյալը եւ պահպանում կողմնորոշումները: Նոր հավաքածուի ուղղությամբ սկսում եմ աշխատել հերթական նորաձեւության շաբաթի ավարտից հետո: Սկզբում ես մտածում եմ թեմայի մասին, ինչպես եմ դա տեսնում, զգում եւ ցանկանում: Գտնելով թեման՝ շարժվում եմ առաջ, նկարում եմ էսքիզները: Կտորի արտադրամասերում փնտրում եմ նոր, հետաքրքիր նյութեր, վերլուծում ապագա սեզոնի գույները: Այս ամենով զբաղվում եմ ինքս:

Մտադի՞ր եք նման գործունեություն ծավալել նաեւ Հայաստանում:

Այսօր նորաձեւությունը հսկայական մարքեթինգային գործիք է շատ նորաձեւության տների համար: Նրանք թելադրում են նորաձեւությունը եւ դրա շնորհիվ վաճառում իրենց արտադրանքը: Հայաստանը շուկա չի համարվում: Չեմ կարծում, որ մոտ ապագայում ինչ-որ բան կփոխվի:

 

Զրուցեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE