11:39 25 մայիսի, 2025Կաննի 2025 թ․ կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», շնորհվեց իրանցի հայտնի ընդդիմադիր ռեժիսոր Ջաֆար Փանահիին՝ իր նոր ֆիլմի՝ «Դա պարզապես դժբախտ պատահար էր» («It Was Just an Accident») համար։ Այս հաղթանակը պատմական է ռեժիսորի համար, որին վերջին 15 տարում արգելված է լքել Իրանը։
Մրցանակը Փանահիին է հանձնել ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը։ Երեք տարի առաջ ռեժիսորը բանտարկվել էր Իրանում և հացադուլ հայտարարել։ Չնայած տևական սահմանափակումներին և աշխատանքային արգելքին՝ Փանահին շարունակում էր գաղտնի ֆիլմեր նկարահանել․ «Սա ֆիլմ չէ»-ն ստեղծվել է հենց իր հյուրասենյակում, իսկ «Տաքսի»-ն՝ մեքենայի ներսում։
Հաղթողին հայտարարելուց հետո դահլիճը Փանահիին դիմավորեց երկարատև ծափահարություններով։ Կատարվածից ապշած՝ ռեժիսորը բարձրացրել ձեռքերն ու ոտքի կանգնել՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին ու հանդիսատեսին։ Բեմում նրան ջերմորեն ողջունել է ժյուրիի նախագահ Ժյուլիետ Բինոշը, որը դեռևս 2010-ին Կաննում բարձրացրել էր ռեժիսորի անունով ցուցանակը՝ ի նշան աջակցության, երբ նա տնային կալանքի տակ էր։
«Դա պարզապես դժբախտ պատահար էր» ֆիլմի հաղթանակը շարունակեց ամերիկյան անկախ դիստրիբյուտոր Neon-ի աննախադեպ հաջողությունների շարքը։ Ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի հյուսիսամերիկյան տարածքի ցուցադրության իրավունքը։ Neon-ն արդեն վեց անգամ անընդմեջ ապահովել է «Ոսկե արմավենու ճյուղի» հաղթող ֆիլմերի ցուցադրությունը՝ ներառյալ «Մակաբույծը», «Տիտանը», «Տխրության եռանկյունին», «Անկման անատոմիան» և «Անորա»-ն։
2025 թվականի Կաննի կինոփառատոնի հաղթողները