16:33 28 մայիսի, 2025Մայամի Բիչի շքեղ Papi Steak ռեստորանը մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում՝ ներկայացնելով… 33 հազար դոլար արժողությամբ կոկտեյլ: Բայց դա այնքան էլ պարզ չէ. ըմպելիքը մատուցվում է ոչ թե բաժակի, այլ Hermès Birkin-ի խորհրդանշական պայուսակի մեջ, եւ այն ներառված է արժեքում:
@mister.lewis $33,000 Drink @Papi Steak ♬ original sound - Mister Lewis
Mister Lewis կոնտենտ կրեատորը տեսանյութ է հրապարակել՝ մատուցողին հարցնելով, թե որն է ճաշացանկի ամենաթանկ խմիչքը: Պատասխանը՝ «It’s Not a Bag, It’s a Cocktail» անվանմամբ կոկտեյլը, ցնցում է առաջացրել:
Բաղադրությունը՝ Belvedere 10 Vodka գրեյպֆրուտի յուղի հիման վրա, Lillet Blanc եւ դեղձի գարնիր խավիարի նախուտեստով: Կոկտեյլն ինքը, առանց պայուսակի, արժե 150 դոլար, եւ համեստ է Birkin-ով 33 հազար դոլար արժողությամբ տարբերակի համեմատ:
Համացանցի օգտատերերը շտապել են նշել, որ սա կարող է լինել «Birkin ձեռք բերելու ամենահեշտ ձեւը»: Hermès-ի պայուսակները կուլտային ապրանք են, որը հասանելի է միայն ապրանքանիշի մշտական հաճախորդ մի քանի ընտրյալների համար:
Բութիկից Birkin գնելու հնարավորություն ստանալու համար շատերը հազարավոր դոլարներ են ծախսում Hermès-ի այլ ապրանքների վրա: Սակայն համացանցում քիչ թերահավատներ չեն եղել։ Որոշ մարդիկ կարծում են, որ տեսանյութը կեղծ է. «Պայուսակի վրա անգամ Hermès լոգոտիպը չկա»,- նշել է մեկնաբանողներից մեկը։
Չնայած կասկածներին՝ գաղափարը վիրուսային է դարձել. լյուքս պայուսակն ստանալու համար ալկոհոլ պատվիրելը շատերը համարել են ոչ թե հիմարություն, այլ խորամանկ լայֆհակ։ Չէ՞ որ երկրորդային շուկայում Birkin-ի գինն սկսվում է 28 հազար դոլարից եւ հեշտությամբ գերազանցում է 100 հազար դոլարը՝ կախված մոդելից եւ պատրաստման նյութից։