16:36 2 հունիսի, 2025Բարձր նորաձեւության աշխարհի ամենասպասված փոփոխություններից մեկում Ջոնաթան Անդերսոնը պաշտոնապես ստանձնել է Dior նորաձեւության տան ղեկը՝ դառնալով կանանց, տղամարդկանց եւ կուտյուր հավաքածուների կրեատիվ տնօրենը։
Այս քայլը նշանավորում է նոր ուղղություն ֆրանսիական նորաձեւության հսկայի համար, հաղորդել է WWD-ն։
40-ամյա դիզայները Հյուսիսային Իռլանդիայից դարձել է Dior-ի պատմության մեջ ութերորդ կուտյուրյեն եւ հոկտեմբերին Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում կներկայացնի կանանց համար նախատեսված իր առաջին prêt-à-porter հավաքածուն։ Նրա դեբյուտը որպես տղամարդկանց հագուստի գծի ստեղծագործական տնօրեն կկայանա հունիսի 27-ին, ինչը կնշանավորի նրա լիարժեք մուտքը նորաձեւության տուն։
Անդերսոնը հաջորդում է Մարիա Գրացիա Կիուրիին, որն առաջին կինն էր, որը ղեկավարել է Dior-ի ստեղծագործական ուղղությունը 2016թ.: Ութ տարվա ընթացքում նրա անունը դարձել է նորաձեւության ֆեմինիստական վերանայման եւ արվեստի հետ վիզուալ երկխոսության հոմանիշ:
«Ջոնաթան Անդերսոնը իր ժամանակի ակնառու ստեղծագործական տաղանդներից մեկն է։ Նրա եզակի գեղարվեստական արտահայտչաձեւը կարեւոր մաս կկազմի Dior տան պատմության հաջորդ գլխում»,- նշել է LVMH Group-ի ղեկավար Բեռնար Արնոն։
Անդերսոնն ինքը մեկնաբանել է իր նշանակումը իրեն բնորոշ համեստությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է մեկ գեղագիտության ներքո միավորել Dior-ի կանացի, տղամարդու եւ կուտյուրային գծերը։ Իմ ստեղծագործական բնազդը հիմնված է Քրիստիան Դիորի կողմից ներշնչված համակրանքի ոգու վրա։ Ես անհամբեր սպասում եմ ապրանքանիշի լեգենդար ատելիեների հետ համագործակցությանը»։