Դեպի քեզ տանող ճամփորդություն կամ՝ «Ինքս ինձ հետ կգնամ անտառ՝ զբոսնելու» ներկայացումը

19:23   4 հունիսի, 2025

Եթե դուրս գանք ավանդական կանոնների շրջանակից, ապա թատերական կամրջակները, ռեպլիկները սերտած դերասանը եւ հանդիսասրահը թատրոնի պարտադիր ատրիբուտներ չեն, այլ ընդամենը դասական են։ Փիլիսոփայական իմաստով թատրոն է ամեն բան, ինքը՝ կյանքը։

Ուրեմն, ի՞նչն է թատրոնը թատրոն դարձնում։ Որտե՞ղ է այն սկսվում եւ ինչո՞վ է ավարտվում։ Այս հարցերի պատասխանները փնտրեք Խրոնոֆեստի՝ ժամանակակից թատրոնի եւ պերֆորմանսի շաբաթվա (Երեւան) ներկայացումներում։

спк.jpg (252 KB)

Փառատոնի ծրագիրն ընդգրկում է իմերսիվ ներկայացումներ, դասախոսություններ, վորքշոփեր եւ պերֆորմանսներ մայրաքաղաքի տարբեր հրապարակներում։ Քաղաքի փողոցները, պատկերասրահները, այգիներն ու տանիքները դառնում են բեմ, իսկ դերասաններ են դառնում պատահական անցորդները։ Փառատոնը բացվել է «Ինքս ինձ հետ կգնամ անտառ՝ զբոսնելու» իմերսիվ աուդիոներկայացմամբ, որը կայացել է Ջրվեժի այգում։ Դերասանի փոխարեն մանկական ձայն է ականջակալներում, թատերական կամրջակների փոխարեն՝ անտառ, հանդիսատեսի փոխարեն՝ դուք, որպես ակտիվ ունկնդիր, հերոսն եք։

спк1.jpg (193 KB)

Դուք ընդամենը պետք է ականջակալներ դնեք, վերցնեք մի քանի մանրուքներ եւ ճանապարհ ընկնեք դեպի անտառ ազատ ուղղությամբ, մանկական ձայնի ուղեկցությամբ, որը հնչում է ձայնագրությունում։ Եվ ահա այստեղ դուք ոչ թե հետեւում եք ներկայացմանը, այլ գտնվում եք նրանում։ Ձայնը չի խաղում, այն չի մատուցում, չի պատկերում, այլ ներկա է, ծանոթանում եւ ծանոթացնում է ձեզ։

Նա խոսում է շշուկով, մի փոքր անվստահ, ասես ինքն էլ առաջին անգամ է այդ անտառում։ Նա հարցեր, առաջադրանքներ է տալիս, բանաստեղծություններ է կարդում, խոսում է վախերի մասին, հորինում ծեսեր եւ ձեզ տանում է անտառի միջով դեպի փոքրիկ եւ մոռացված «ինքդ քեզ»։

спк2.jpg (139 KB)

Սա թատրոն է, որտեղ տարածությունն ակտիվ գործընկեր է, իսկ դուք ոչ թե պարզապես հանդիսատես եք, այլ դրամատուրգիայի կենդանի մասը, ակտոր։ Մանուկ հասակում մենք սովորում ենք հասկանալ մեզ շրջակա աշխարհի ուսումնասիրմամբ, մինչդեռ մեծահասակները պետք է մեզ մշտապես հիշեցնեն այդ մասին։

Ե՞րբ եք վերջին անգամ բոբիկ քայլել հողի եւ խոտի վրայով։ Իսկ ե՞րբ եք վերջին անգամ գտել անհավանականորեն գեղեցիկ փայտ անտառում, որն անմիջապես ցանկացել եք տուն տանել։ Կամ, գուցե,  բոլորովին վերջերս հպվել ենք ծառի կեղեւի՞ն՝ զննելով դրա վրայով սողացող մրջյուններին։

спк3.jpg (174 KB)

Ներկայացումն աշխատում է ձեր հիշողության հետ, այն նույն «ներքին երեխայի» մարմնական ներկայության զգացողությամբ, որի մասին այդքան սիրում են խոսել փսիխոթերապեւտները, բայց որը հազվադեպ է հնարավորություն ստանում լսված լինել այդքան խնամքով ու ճիշտ։

спк4.jpg (169 KB)

Ներկայացումից ձեր ստացած զգացողությունները կախված են միայն դրանում ձեր ներգրավվածությունից, ուստի մի սպասեք գագաթնակետի, բարոյախոսությունների կամ կոնկրետ պատասխանների, այն ձեզ հնարավորություն է տալիս ներկա գտնվել տարածությունում, որտեղ ինքներդ եք գտնում բոլոր պատասխանները։ Դեպի ձեզ տանող ճանապարհորդությունը կկրկնվի հունիսի 8-ին։

Ալեքսեյ Կիսելյովը եւ Կատյա Կոսյանենկոն Ջրվեժի այգում կդառնան մանկության աշխարհ տանող ճամփորդության ձեր ուղեկցորդները։ Տոմսերը՝ https://fest.temporary.am/ru կայքում։

Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE