21:21 6 հունիսի, 2025Louis Vuitton-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը ժամագործության ոլորտում՝ ներկայացնելով Escale Autour du Monde գրպանի ժամացույցների հավաքածուի երկրորդ մոդելը՝ Escale au Pont-Neuf։ Այս նորույթը դարձել է իրական գլուխգործոց métiers d’art արվեստում՝ բարձր կարգի արհեստների միաձուլում, որտեղ վարպետությունն ու էսթետիկան դառնում են անբաժան ամբողջություն։

Ժամացույցի թվատախտակն իսկական հարգանքի տուրք է Փարիզին՝ քաղաքին, որտեղ ծնվել է բրենդը։ Շափյուղե ապակու տակ բացվում է պոետիկ պանորամա. Պոն Նյոֆ լեգենդար կամուրջը, Louis Vuitton-ի կենտրոնակայանը և Samaritaine հանրախանութը։ Տեսարանի կենտրոնում՝ Սեն գետով նավարկող պտտահարթակ է՝ LV-ի խորհրդանշական ճամպրուկներով։ Եվ այո՛, նավը շարժվում է, իսկ ճամպրուկները հերթով բացվում են՝ ցույց տալով բրենդի մոնոգրամով ոսկե ծաղիկներ։
Ժամացույցն աշխատում է LFT AU14.03 անվամբ նորագույն ու ամենաբարդ մեխանիզմով, որը մշակել է La Fabrique du Temps Louis Vuitton-ն։ Այն ապահովում է 7 անիմացիա և 13 շարժական տարր, որոնց թվում են՝ պտտվող ոսկե կողմնացույցը, թռչող թռչունը և ծածանվող LV դրոշը։
Յուրաքանչյուր տարր պատրաստված է բարակ ոսկե շերտերից՝ բարելեֆի տեխնիկայով, և համալրված է ձեռքով փորագրված մանրամասներով։ Թվատախտակը զարդարված է champlevé էմալի երեք տեսակով՝ 30 տարբեր երանգներով։ Միայն էմալապատման վրա ծախսվել է ավելի քան 300 ժամ մանրակրկիտ աշխատանքի։
50 մմ տրամագծով սպիտակ ոսկուց պատյանով ժամացույցը զարդարված է 60 բագետ կտրած քարի ներդիրներով՝ սափֆիրներով, ծավորիտներով, տոպազներով և ադամանդներով։ Սպիտակ ոսկին օգտագործվել է նաև պսակի, շղթայի և հետևի ծածկույթի պատրաստման համար։ Հատկանշական է, որ ժամացույցի սլաքները տեղադրված են հետևի կողմում, որպեսզի չխանգարեն թվատախտակի անիմացիայի դիտմանը։
Ժամացույցն ունի մինուտային ռեպետիր՝ բարդագույն ակուստիկ մեխանիզմ, որը հնչյունային ազդանշանով նշում է ժամը, քառորդները և րոպեները։ Ամբողջ մեխանիզմը բաղկացած է 561 բաղադրիչից, իսկ դրա հավաքման վրա ծախսվել է ևս 500 ժամ։
Escale au Pont-Neuf-ի ստեղծման վրա աշխատել են 2,5 տարի, ներդնելով ավելի քան 1000 ժամ ձեռքի աշխատանք։ Ժամացույցին կցված է արխիվային ոճով «բժշկի պայուսակ», որը ոգեշնչված է 1906 թվականի մոդելով, ինչպես նաև եզակի ճամփորդական պատյան։ Արժեքը՝ ըստ հարցման։