18:55 6 հունիսի, 2025ԿԳՄՍ, դուք խե՞նթ եք, թե՞ ուղղությունը կորցրած։ Yerevan Wine Days / Երևանի Գինու Օրեր֊ին դուք Վրացական գինու մշակույթի օրեր եք անո՞ւմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan Wine Days միջոցառման կազմակերպիչ «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Մերի Բադալյանը:
«Ձեր աշխատանքի արդյո՞ւնքն է 9 տարվա ջանքերը ստեղծել տարածաշրջանում ամենամեծ փառատոնը, հայկական գինին դարձնել հրապուրիչ զբոսաշրջիկների համար, զարգացնել իրադարձային զբոսաշրջությունը, սեփական ֆինանսները ներդնել ու անկախ ֆինանսական մոդելով առաջին փառատոնը ստեղծել Հայաստանում։
Ինչու՞ չեք հարգում ձեր երկրի բիզնեսին, որի հաջողության շնորհիվ միայն 3 օրում 250 ընկերություն 2,2մլն դոլարի ոչ ստվերային շրջանառություն է անում։
Ինչու՞ հենց այս օրերին։ Տարին ունի եւս 50+ շաբաթ»,-հավելել է նա:
Թեմային անդրադարձել է նաեւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զառա Մուրադյանը:
«Սիրելի գործընկերներ, իհարկե ողջունելի է ձեր նախաձեռնությունը՝ Վրաստանի մշակույթին նվիրված օրեր կազմակերպել մեզ մոտ։ Բայց Երեւանի սրտում նման ուղերձներով տեղադրումներ անել այն պահին, երբ մի փողոց այն կողմ ընթանում են Երեւանի Գինու օրերը, անհասկանալի է:
Մենք տարիներ շարունակ աշխատում ենք՝ մանրակրկիտ մշակելով մեր ուղերձներն ու տեսանելիությունը թե՛ տեղական, թե՛ միջազգային հարթակներում, որպեսզի Հայաստանը ճանաչելի դառնա որպես գինու նվիրական երկիր եւ բնօրրան։
Բայց հաջողելու համար պահանջվում է, որ բոլորս պետական ու ոչ պետական օղակները գործեն համախմբված, սինխրոնիզացված աչքի առաջ ունենալով առաջին հերթին ազգային շահը:
Ավելի քան վստահ եմ, որ եթե համագործակցեինք, միասին շատ ավելի հետաքրքիր մշակութային երկխոսություն եւ փոխշահավետ նախաձեռնություն կստեղծեինք։ Ափսոս»,-գրել է նա:
Հավելենք, որ Երեւանի գինու օրերը մեկնարկել են այսօր եւ տեւելու են 3 օր՝ հունիսի 6-ին, 7-ին եւ 8-ին: