16:29 9 հունիսի, 2025«Ծանոթություն ծնողների հետ» լեգենդար կատակերգությունը նշում է իր 25-ամյակը: Տարեդարձի պատվին բնօրինակ ֆիլմի աստղերը՝ Բեն Սթիլերը, Ռոբերտ դե Նիրոն, Թերի Պոլոն եւ ռեժիսոր Ջեյ Ռոուչը, հավաքվել են Նյու Յորքի Tribeca Performing Arts Center-ի բեմում:
Variety-ն հայտնել է, որ ցուցադրությունն ու քննարկումը տեղի են ունեցել Tribeca կինոփառատոնի շրջանակում, որը հիմնադրվել է դե Նիրոյի եւ Ջեյն Ռոզենթալի կողմից 2002թ.: 2000թ. կատակերգությունը, որտեղ Սթիլերը մարմնավորել է բուժեղբայր Գրեգ Ֆաքերին, իսկ դե Նիրոն՝ նրա հավանական աներոջը, ԿՀՎ նախկին գործակալ Ջեք Բըրնսին, մեծ հաջողություն ունեցավ՝ ամբողջ աշխարհում վաստակելով ավելի քան 330 մլն դոլար։
Դրան հաջորդեցին երկու սիքվելները՝ «Ծանոթություն Ֆաքերների հետ» (2004) եւ «Փոքրիկ Ֆաքերները» (2010), որոնցից վերջինը արժանացավ քննադատների քննադատությանը, բայց վաստակեց եւս 310 մլն դոլար։
Բեմում Բեն Սթիլերը նշել է, որ հանդիսատեսը դեռեւս իրեն նույնականացնում է Ֆաքերի հետ։ «Երբ փողոցում ինչ-որ մեկը գոռում է «Ֆաքեր», դա միշտ չէ, որ հարգալից է հնչում»,- խոստովանել է դերասանը՝ ծիծաղելով։ Նա նաեւ ավելացրել է, որ «միշտ զգում է հատուկ կապ», երբ իրեն բուժում է բուժեղբայրը։
Ռեժիսոր Ջեյ Ռոուչը հիշեցրել է, որ Սթիլերը կարող էր եւ նախագծում չընդգրկվել։ Սկզբում ֆիլմը ծրագրում էին նկարահանել Սթիվեն Սփիլբերգը եւ Ջիմ Քերին։ «Ջիմ Քերին պետք է ես լինեի։ Սատանան տանի, լրիվ մոռացել էի դրա մասին»,- զարմացել է Սթիլերը։
Թերի Պոլոն միացել է նախագծին նկարահանումների սկսվելուց ընդամենը մի քանի օր առաջ։ Նա նշել է, որ ֆիլմի մեծ մասում պարզապես «նստած է եղել, լսել եւ արձագանքել է» մյուս դերասանների խաղին, իսկ Ռոբերտ դե Նիրոն նրան մի քանի կարեւոր խորհուրդ է տվել. «Կատակերգությունն ու դրաման նույն բանն են։ Գլխավորը անկեղծորեն ռեպլիկն ասելն է՝ չձգտելով զվարճալի լինել»,- վարպետի խոսքերն է մեջբերել դերասանուհին։
Ֆաքերների վերադարձը՝ չորրորդ ֆիլմը, մշակման փուլում է
Երեկոյի ամենաաղմկոտ հայտարարությունը ֆրանշիզի չորրորդ մասի մշակման պաշտոնական հաստատումն էր։ Նոր ֆիլմն արդեն մշակման փուլում է, եւ դերասանական կազմին կմիանա Արիանա Գրանդեն։
«Առիթ դարձավ պարզ գաղափարը. ես հիմա այն տարիքին եմ, ինչ Բոբը, երբ մենք նկարահանեցինք առաջին ֆիլմը։ Հիմա իմ կերպարը հայր է, եւ նրա երեխաներից մեկը ցանկանում է ընտանիքին ծանոթացնել իր երկրորդ կեսի հետ»,- բացատրել է Սթիլերը։ Դե Նիրոն ավելացրել է, որ սցենարն արդեն պատրաստ է, եւ իրեն այն դուր է եկել։ «Սցենարը իսկապես զվարճալի է։ Ես անհամբեր սպասում եմ նկարահանումներին»,- ասել է դերասանը։ Նա նաեւ խոստովանել է, որ դեռ 15 տարի առաջ էր առաջարկել վերադառնալ ֆրանշիզին։
«Երբ մենք նկարահանում էինք վերջին ֆիլմը, ես Բենին եւ սցենարիստ Ջոն Համբուրգին ասացի՝ եկեք սկսենք գրել հաջորդը։ Այն ժամանակ նրանք պարզապես գլխով արեցին։ Բայց ահա հիմա, վերջապես, մենք դա անում ենք»։