Տարվա լավագույն հայկական ռոք խումբը պատրաստվում է իր մեծ մենահամերգին. ի՞նչ է խոստանում Nemra-ն հունիսի 11-ին

14:17   9 հունիսի, 2025

Հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռոքային տրամադրություն է տիրելու: Բեմում կլինի տարվա լավագույն հայկական ռոք խումբը՝ Nemra-ն, ինչը նշանակում է, ինչպես խմբի թմբկահար Մարեկն է ասում, «շոգ է լինելու»:

Հեղինակային երգեր, հայկական երգերի մշակումներ եւ նոր ստեղծագործություններ՝ «End of the party» նոր ձայնասկավառակից: Հենց այդ օրը կկայանա 11 երգից բաղկացած սկավառակի շնորհանդեսը, որը խմբի անդամները համերգից հետո անձամբ կստորագրեն երկրպագուների համար:

«Համերգը բաղկացած է լինելու 2 մասից. շատ ոգեւորված ենք, որ ներկայացնելու ենք նաեւ մեր նոր երգերը: Երկար էինք մտածում՝ արդյոք համերգի մի մասում ներկայացնենք արդեն հայտնի ու սիրված երգերը, մյուսում՝ նոր ալբոմի երգերը, բայց հետո որոշեցինք միքսել դրանք»,-այսօր՝ հունիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց խմբի վոկալիստ, կիթառահար եւ երգահան Վան Եղիազարյանը:

Նոր ալբոմի երգերը հեղինակել են Վանն ու Վասպուրը, դրանք անգլալեզու են, ալբոմը կոչվում է «End of the party» երգի անունով: Այս երգերի մեջ ամփոփված են երաժիշտների  սեփական հույզերը, զգացողություններն ու փորձառությունը, որոնք Վանի խոսքով՝ կուտակված էին 2019 թ-ից:

«Որպես ալբոմի անվանում ընտրեցինք հենց այդ երգը («End of the party»), որովհետեւ այս երգի մեջ էր ամբողջությամբ դրված մեր ասելիքը: Մեր այս ալբոմի երգերն առաջարկում են այժմյան տրամադրության ալտերնատիվը, «party»-ն այստեղ «ֆասթ-ֆուդ» ապրելակերպն է խորհրդանշում՝ թե երաժշտության մեջ, թե ընդհանրապես կյանքում: Այդ մակերեսային մտածելակերպի ու ապրելակերպի մասին է, եւ որ ժամանակն է այդ ամենին վերջ տալու»,-հավելեց նա:

IMG_5904.jpeg (2.27 MB)

Խմբի ամենանուրբ անդամը՝ Մարիաննան, խոստովանեց՝ համերգներից առաջ ինքն ամենից շատ է հուզվում: «Այս համերգից առաջ հուզմունքը գնալով ավելի է մեծանում, բայց դա նաեւ նրանից է, որ շատ ոգեւորված ենք այս համագործակցությամբ, մտքով արդեն համերգին ենք»,-նշեց նա:

Համերգին առաջին անգամ կներկայացնեն նաեւ Սերժ Թանկյանի հետ զուգերգը՝ «I’m afraid of stars» երգը, սակայն SOAD-ի մենակատարը չի կարողանա ներկա գտնվել այդ օրը: Որպես հյուր՝ հանդես կգա դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը: Այս անգամ Էդգար Էլբակյանի «Բացվիր երկինք» երգը Լիլին ու Վանը կկատարեն Nemra-ի նվագակցությամբ:

Հունիսի 11-ին Համալիրում կլինի «գժական, խառնիճաղանջ ու նեմրայական» տրամադրություն, խոստանում են խմբի անդամները:

Համալիրում Nemra-ի համերգը կազմակերպվել է TM production-ի հետ համագործակցությամբ:

NEWS.am STYLE-ն ավելի վաղ այցելել էր Nemra-ի փորձատեղի, էքսկլյուզիվ լուսաբանել խմբի նոր երգերից փոքրիկ հատված եւ զրուցել խմբի անդամների հետ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE