10:18 12 հունիսի, 2025Քաղաքը ռոք էր լսում. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում երեկ՝ հունիսի 11-ին, Nemra-ն էր, դահլիճում՝ նրանց անդադար ձայնակցող հանդիսատեսը, իսկ դրսում՝ ամենացածր լիալուսինը, որի ներքո իրենց բազմաթիվ հիթերի ցանկում խումբը կատարեց նաեւ խորհրդանշական Full Moon-ը:
View this post on Instagram
Լեփ-լեցուն դահլիճը եկել էր ապացուցելու՝ Համալիր «լցնում է» նաեւ ճաշակով երաժշտությունը, այս դեպքում՝ այն ալտերնատիվ «փարթին», որին հրավիրել էր Nemra-ն։


Խումբը չէր անտեսել իր հանդիսատեսից ոչ մեկին՝ անգլալեզու երգերի սիրահարները որսում էին Վանի ամեն մի խոսքը, խմբի ամեն մի նոտան, իսկ հայալեզու մշակումների երկրպագուներն առաջ էին անցնում նույնիսկ կատարողներից:

Դահլիճը նստարանների պակաս չուներ, բայց նեմրացիները նախընտրեցին կանգնած վայելել խմբի կատարումները՝ ավելի մոտ բեմին, որպեսզի «բռնեին» արտիստների ամեն մի հայացքն՝ ուղղված իրենց: Իսկ հայացքների ու շփումների պակաս չէր զգացվում: Նեմրացիները դա անում էին պաստառների, բարձր ակնարկների, ջերմ ժպիտների ու երգի միջոցով:


Համերգի ընթացքում կայացավ նաեւ խմբի End of the Party ձայնասկավառակի շնորհանդեսը: Առաջին անգամ բեմից կատարեցին Սերժ Թանկյանի հետ դուետը՝ I’m Afraid of Stars-ը, որին Թանկյանը մասնակցեց էկրանից, իսկ «Բացվիր երկինք» երգի ժամանակ բեմում խմբին միացավ դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը, որը Վանի հետ երգը կատարել էր «Երկու աստղ» նախագծի շրջանակում:

Ալտերնատիվ երաժշտության «փարթին» սկսվեց ու ավարտվեց նոր ալբոմից Rock’ n’ Rollers երգով, որի բառերն արդեն ծանոթ էին ձայնասկավառկն առաջինը ներբեռնած հանդիսատեսին:
Համերգի ավարտին արտիստները լքեցին բեմը՝ «շուտով կրկին հանդիպելու» խոստումով:
Nemra-ի համերգը Համալիրում կազմակերպվել էր TM production-ի հետ համագործակցությամբ:
Սյունե Առաքելյան