Պարը՝ որպես էմպատիայի ակտ. «Կապ» ներկայացումը

20:13   12 հունիսի, 2025

Փորձարարական թատրոնի փառատոնի շաբաթում ցուցադրվեց «Կապ» ներկայացումը՝ վավերագրական պարային պերֆորմանս հանդիսատեսի մասնակցությամբ։ «Կապը» պարզապես ներկայացում չէ, այն երկակի փորձ է էմպատիայի ոլորտում։ Այն բաղկացած է երկու մասերից, երկուսն էլ խիստ ազնիվ են եւ մարմնեղեն առումով՝ ուղիղ։ Առաջին մասում մենք ծանոթանում ենք բեմում պարող աղջկա հետ։ Տիտղոսագրերում հայտնվում են ամենապարզ ՝ «Անունդ ի՞նչ է», «Ինչո՞վ ես զբաղվում» հարցերից մինչեւ ավելի բարդ՝ «Ե՞րբ ես վերջին անգամ լաց եղել», «Ինչի՞ համար ես ամաչել» հարցեր։

кап.jpg (42 KB)

Մինչ հանդիսատեսները պատասխանում են բարձրախոսով՝ բեմով անցնող աղջիկը լսում է  պատասխաններն ականջակալներով, հնչեցնում դրանք եւ շարունակում պարել։ Սա դրամատուրգիա չէ, որտեղ դերասանը մարմնավորում է կերպար, եւ ոչ էլ պերֆորմանս, որտեղ հանդիսատեսը մնում է որպես կողմնակի դիտող։ Սա էմպատիկ տրանսլյացիայի ժեստ է, որտեղ դերասանի մարմինը դառնում է մեդիատոր, հաղորդիչ, որը կարող է ներառել եւ պահել ուրիշի անկեղծության փխրունությունը՝ չաղավաղելով եւ չյուրացնելով այն։

кап1.jpg (42 KB)

Ներկայացման այս հատվածը նման է գրեթե վավերագրական մարմնեղենության, երբ ուրիշի պատմությունը չի մեկնաբանվում, չի դեկորացվում, այլ տառացիորեն ներառվում է։ Ուշադրությունը պահում է ոչ միայն բեմի դերասանուհին, այլեւ հանդիսատեսը. հետաքրքիր է դառնում դիտել, թե որքան անկեղծ կարող են լինել մարդիկ՝ մնալով ստվերում, եւ ինչ է անում դերասանը, երբ ընդամենը ուրիշի ճշմարտության կրողն է։

Ներկայացման երկրորդ մասն էլ ավելի է փոքրացնում հանդիսատեսի եւ պարողի միջեւ հեռավորությունը՝ դառնալով էլ ավելի խոցելի։ Բեմում իրանական «Մարմնի ցավը» կոլեկտիվն է։ Կամավորը դահլիճից պատմում է անձնական պատմությունը, այն չեն մեկնաբանում, չեն գնահատում, պարողները պարզապես լսում են այն եւ հիշում։ Սկսվում է պարը, որտեղ դերասանների մարմինները դառնում են հաղորդիչներ, իսկ նրանց շարժումները՝ արձագանք։ Սա «պլաստիկ ինտերպրետացիա» չէ, սա ժեստ է, որպես արձագանք, որպես համակեցություն։

кап2.jpg (29 KB)

Պատմությունը, որը նկարագրել են բառերով, ձեռք է բերում նյութ, շունչ ու մարմին։ Պարը դառնում է կարեկցանքի ձեւ, ոչ թե խղճահարության, այլ հենց ներառվածության։ Բեմի եւ դահլիճի միջեւ հեռավորությունը կարելի է խախտել տարբեր մեթոդներով, հաճախ՝ սադրիչ, բայց այս անգամ դա տեղի ունեցավ կարեկցանքի միջոցով։

кап3.jpg (48 KB)

«Էմպատիա» մոդայիկ բառը արտահայտվում է պարի միջոցով։ Էմպատիայի դրամատուրգիան, ըստ Ջոնաթան Բեյթսի, այս ներկայացման մեջ մարմնավորվել է ապրումակցման կառույցի միջոցով։ Ներկայացումը դառնում է էթիկական փխրունության ակտ, որտեղ դերասանը մեդիատոր է, իսկ հանդիսատեսը՝ իմաստ կրող։

Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE