Հայաստանում «համեղ» ու մշակութային փառատոններ են սպասվում․ առաջին կանգառը՝ Արզնին է, երկրորդը՝ Դիլիջանը

17:24   12 հունիսի, 2025

Ամառային փառատոնների ակտիվ սեզոնը մեկնարկված է։ Հաջորդ կանգառը Կոտայքի մարզի Արզնի համայնքում է, որտեղ հունիսի 14-ին կկազմակերպվի «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» Հայ եւ Ազգային փոքրամասնությունների մշակութային խոհանոցային փառատոնը։

Փառատոնին կներկայացվեն հայկական եւ ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ խոհանոցը, երաժշտությունը, երգն ու պարն իրենց ընդհանրություններով եւ առանձնահատկություններով։

Իսկ մեկ շաբաթ անց՝ հունիսի 21-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում արդեն 3-րդ անգամ տեղի կունենա «Միմինո» Հայ-Վրացական մշակութային խոհանոցային փառատոնը, որի շրջանակում կներկայացվի հայկական ու վրացական մշակույթը՝ ընդհանրություններով եւ առանձնահատկություններով։

Փառատոնը կմեկնարկի հունիսի 19-ին եւ կտեւի մինչեւ 21-ը․ դրա շրջանակում այս տարի կանցկացվի նաեւ Խոհարարների միջազգային մրցույթ (Internation Contest of Chefs Dilijan 2025)։

Փառատոնները կազմակերպվում են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի եւ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ջանքերով։

Կազմակերպիչների խոսքով՝ այս փառատոններն էապես նպաստում են ժողովուրդների միջեւ մշակութային երկխոսության եւ բարեկամության ամրապնդմանը, տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, փառատոնները հյուրընկալող եւ շրջակա համայնքների սոցիալ տնտեսական զարգացմանն ու միջազգային ճանաչմանը։

«Առաջին փառատոնի շրջանակում ներկայացվելու են հայկական եւ ազգային փոքրամասնությունների խոհանոցը, մշակույթը, երգը, պարը, լինելու է նաեւ մրցույթ, շնորհվելու են մրցանակներ․․․ Իսկ ամսի 21-ին Դիլիջանում արդեն ավանդույթ դարձած «Միմինո» փառատոնը տեղի կունենա, որտեղ կներկայացվեն բարեկամ երկու երկրների մշակութային առանձնահատկությունները։ Այս երկու միջոցառումներն էլ ծառայում են՝ որպես հարթակ այլ զբոսաշրջային արդյունքների ձեւավորման ու զարգացման ուղղությամբ»,-այսօր՝ հունիսի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ մանրամասնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ 

Ասուլիսին ներկա էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարկետինգի եւ խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը, ով հավելեց,-«Այս փառատոնները դարձել են մշակութային կյանքի անբաժանելի մի մաս, որոնք խթանում են ոչ միայն զբոսաշրջության, այլեւ մարզերում տնտեսության զարգացմանը։ Փառատոնների այս շարքը հետաքրքիր է լինելու․ դրանք կանցկացվեն ինչպես համայնքներում, այնպես էլ Երեւանում»,-խոստացավ նա։ 



© NEWS.am STYLE