14:45 16 հունիսի, 2025«Նյու Ջեներեյշն Փրոջեքթի» նախաձեռնությամբ հունիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հնչում էին լեգենդար շանսոնյե Ազնավուրի երգերը։ Տեղի ունեցավ բացառիկ համերգ՝ նվիրված շանսոնի լեգենդ Շառլ
Ազնավուրի անմահ երաժշտական ժառանգությանը։ Համերգի մենակատարն էր անվանի երգիչ Ղասսան Յամմինը՝ Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան։


Երաժշտական երեկոն հանդիսատեսին պարգեւեց անմոռանալի հուշեր՝ ներառելով Ազնավուրի ամենասիրելի երգերը Ղասսան Յամմինի մեկնաբանությամբ, որի վառ վկայությունը հանդիսատեսի բուռն արձագանքն ու չդադարող ծափահարություններն էին։ Համերգը եզրափակվեց «Pour toi Arménie» երգով։

Երգիչ, դաշնակահար, երգահան եւ կոմպոզիտոր Ղասսան Յամմինը Եվրոպայում հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես եկել, տարիներ շարունակ կատարել է Ազնավուրի երգերը աշխարհի մի շարք բեմերում (Ֆրանսիա, Իտալիա, Սերբիա, Հորդանան). նրա անհավանական ձայնով կատարումները շատ են սիրվել ու շարունակում են գրավել հանդիսատեսի ուշադրությունը։ Եվ սա արդեն երրորդ ելույթն էր Հայաստանում։ Նա հանդիսանում է MTV հեռուստաալիքի «Musical» հաղորդման պրոդյուսեր եւ հաղորդավար։

