Պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը՝ հայկական շոու-բիզնեսի դժվարությունների եւ նրբությունների մասին. NEWS.am STYLE-ի հարցազրույցը

11:34   7 փետրվարի, 2014

Պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը ծնվել եւ մեծացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: «Ամենավառ հիշողությունը, թերեւս, այն շրջանն է, երբ հարեւանների հետ ապրում էինք նկուղում՝ թաքնվելով ռումբերից ու արկերից: Չնայած չի կարելի ասել, որ այդ ամենն ինչ-որ տխուր հետք է թողել իմ կյանքում, որովհետեւ աշխարհի լավագույն ընտանիքը՝ մայրս, հայրս եւ եղբայրներս, կարողացան այնպես անել, որպեսզի այդ դժվարին ժամանակաշրջանը դաժան հետք չթողնի իմ ամբողջ կյանքի վրա»,- պատմում է նա:

Մոսկվա փոխադրվելը, կյանքը նոր էջից սկսելը, փոփոխությունները չփչացրեցին նրան. «Ես միշտ վստահում եմ մարդկանց: Եվ, հնարավոր է, այդ պատճառով էլ ճակատագիրը պաշտպանում է ինձ չարությունից ու շահախնդրությունից՝ իմ կյանքում թողնելով միայն լավագույններին»: 

Եվ ամեն դեպքում Սոֆիան ռիսկի դիմեց: Թողնելով Մոսկվան, չունենալով ընկերներ ու ծանոթներ՝ նա եւ երգիչ Մարտ Բաբայանը եկան Երեւան, որպեսզի մասնակցեն «Ձայն» նախագծի առաջին սեզոնին:

NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում պրոդյուսերը պատմեց հայկական շոու-բիզնեսի դժվարությունների եւ նրբությունների մասին:

Սոֆիա, որքանո՞վ էր դժվար Մարտի հետ Հայաստանում առաջին քայլերն անել: 

Ամենադժվարը սկիզբն է: Կարճ ասեմ. ամենեւին էլ հեշտ չէր: Աստղերի շրջանում ծանոթները բազմաթիվ էին, բայց ամենից հարազատ եւ մտերիմ մարդը կար եւ մնում է Մհերը: Նրա հետ ծանոթության առաջին իսկ վայրկյանից մեր միջեւ ջերմ ընկերություն ծնվեց: Նա ինձ բազմիցս դիմավորել է, ճանապարհել, բազմաթիվ անգամներ հյուրընկալվել եմ նրա տանը: Նա ինձ համար շատ հարազատ ու մտերիմ մարդ է Երեւանում: Գիտեմ, որ կարող եմ նրա վրա հույս դնել:

Դուք եկաք «Ձայն»-ին մասնակցելու համարԵրբ մենակ կանգնած լսում էիք, թե ինչպես է նա երգում կույր լսումների ժամանակ, ի՞նչ էիք զգում այդ պահին:

Այդ ինձ համար շատ հուզիչ օր էր: Շատ էի անհանգստանում: Նախ՝ Մարտն անգինայով հիվանդ էր, երկրորդ՝ այդ մրցույթ է, որտեղ գիտես, որ ցանկացած դեպքում որեւէ մեկը կշրջվի: Իսկ ինձ համար կարեւոր էր, որպեսզի բոլորը շրջվեն:

Իսկ հետո ի՞նչ եղավ: Ինչպե՞ս շարունակվեցին հայ աստղերի ու աստղիկների հետ Ձեր հարաբերությունները:

Հարաբերությունները լավ էին դասավորվում: Բազմաթիվ նոր ընկերներ հայտնվեցին: Փորձը ցույց տվեց, որ մեր արտիստները կարողանում են ընկերություն անել:

Ի՞նչ կասեք անիվի մեջ սեպ խրելու մասին: Ամեն դեպքում, կարճ ժամանակում Ձեզ հաջողվեց հասնել այն բանին, որ Մարտին ոչ միայն Հայաստանում ճանաչեն, այլեւ Քրիստինե Պեպելյանի հետ զուգերգ ձայնագրեցիք

Բոլորն էլ անցնում են դժվարությունների միջով: Մենք նույնպես բացառություն չենք: Այդ է կյանքը, իսկ ես էությամբ այնպիսին եմ, որ չեմ վախենում ոչնչից (բացի մտերիմներիս կորցնելուց): Քրիստինե Պեպելյանի հետ զուգերգը մեզ համար մեծ նշանակություն ունի: Այդ կերպ մենք նաեւ հրաշալի ընկեր ձեռք բերեցինք: Նրա հետ աշխատելը մեծագույն հաճույք էր:

Իսկ նախանձ կամ ատելություն եղե՞լ է: Եթե այո, անուններ կնշե՞ք:

Չեմ սիրում այդ երկու զգացմունքները: Դրանք իմ մեջ չկան: Եվ ես միշտ Աստծուն խնդրում եմ նման մարդկանց ինձանից հեռու պահել:

Իսկ ի՞նչ կասեք երգիչների ու երգչուհիների ավելի մեծ սերնդի մասին:

Ժամանակին շատ հայտնի, իսկ հիմա միայն փառքի փշուրներով բավարարվող երգչուհիներից մեկի հետ մոսկովյան Կրեմլում համերգից հետո հանդիպեցինք «Երեւան» ռեստորանում, որտեղ կազմակերպիչները հավաքել էին բոլոր արտիստներին: Այն ժամանակ ես նույնիսկ չգիտեի, թե ով էր այդ կինը, ինչ էր նրա անունը…

Այնտեղ էին Արմինկան, Զառա Բաբայանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Վահրամ Պետրոսյանը, Եվա Ռիվասը եւ այլք: Նա նստած էր մեր դիմաց: Ես անընդհատ զգում էի, թե որքան բացասական էներգիա է նրանից հորդում դեպի Մարտը: Իսկ հետո լսեցի նրա ակնարկը (երբ Մարտը կատակում էր Եվայի հետ, ինչ-որ բան էր պատմում…). «Սա՞ ով է, է…»:

Գուցե մանրուք է, բայց հոգումս նստվածք է թողել: Ցանկություն առաջացավ անմիջապես պատասխանել, բայց նրա տարիքի հանդեպ հարգանքից ելնելով՝ լռեցի: Ժամանակը միշտ էլ ցույց է տալիս, թե ով ով է:

Դուք արդեն մեկնել եք Հայաստանից: Մարտը հիմա զուգերգեր է ձայնագրում ռուսական աստղերի հետ: Այդ նշանակում է, որ մեր երկիրն ու հայ հանդիսատեսը ձեզ համար այլեւս հետաքրքիր չե՞ն:

Ես սիրում եմ իմ երկիրը, իսկ մեր հանդիսատեսը չի կարող մեզ համար հետաքրքիր չլինել: Պարզապես մենք պատրաստվում ենք դուետային ալբոմ թողարկել, որում կներառվեն զուգերգեր ինչպես հայ, այնպես էլ ռուսական արտիստների հետ:

Դուք նաեւ Նարեկ Մակարյանի հետ եք համագործակցում: Ի՞նչ եք կարծում, նրան ի՞նչ ապագա է սպասվում:

Ես վստահ եմ, որ նա իր արժանի տեղը կզբաղեցնի հայկական շոու-բիզնեսում:

Զրուցեց՝ Աննա Հակոբյանը



© NEWS.am STYLE