Պատրիկ Շվարցենեգերը նկարահանվել է Balenciaga-ի գովազդային արշավում  

16:47   18 հուլիսի, 2025

Balenciaga-ն ներկայացրել է իր նոր ձմեռային 2025 թվականի գովազդային արշավը, որը նկարահանել է լեգենդար լուսանկարիչ Յուրգեն Թելլերը: Նրա 1999 թվականի «Հաճախորդներ» շարքից ոգեշնչված՝ Թելլերը կրկին անդրադարձել է դիմանկարային լուսանկարչության գաղափարին՝ նորաձևության տան բրենդի դեսպաններին և ընկերներին լուսանկարելով լակոնիկ, գրեթե մտերիմ պատկերներով:

Լուսանկարահանումը տեղի է ունեցել Բիարիցի հյուրանոցի ինտերիերում՝ աստիճանավանդակներում և նրբագեղ նախասրահներում: Գովազդային արշավի գլխավոր հերոսների թվում են դերասանուհիներ Նիկոլ Քիդմանը և Իզաբել Հուպերտը, դերասան Արթուր Չենը, «Սպիտակ լոտոս» սերիալի աստղ Պատրիկ Շվարցենեգերը, ինչպես նաև սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը և մոդելներ Լյու Վենը, Ադուտը և Ռոքսանը:

Հերոսները կեցվածք են ընդունել Balenciaga-ի ձմեռային հավաքածուի կերպարներով, ինչպես նաև PUMA-ի հետ վերջերս համագործակցության արդյունքում թողարկված սպորտային բաճկոններով, ակնոցներով և ձեռնոցներով: Հագուստի և հյուրանոցի ճարտարապետության միջև հակադրությունն ու ներդաշնակությունը ստեղծում են յուրահատուկ գեղարվեստական լարվածություն՝ յուրաքանչյուր լուսանկարը դարձնելով եզակի:

Դիմանկարներից բացի, գովազդային արշավում ներկայացված են նատյուրմորտներ՝ աքսեսուարներով. Rodeo Bags և Le City Bags՝ մոմե զամշից, մորթուց և վարդագույն կոկորդիլոսի կաշվից, ինչպես նաև Carrie Carry-All մոդելի տարբերակները՝ «սեզամ» գույնով: Հավաքածուն ներառում է կոշիկի նոր մոդելների դեբյուտ՝ ատլասե Shibuya Pump կոշիկներ, որոնք համատեղում են դասական ուրվագիծը մարզական մանրամասների հետ, և Bel Air Flat Ballerina բալետկաներ:



© NEWS.am STYLE