Կինոն՝ որպես մշակութային կամուրջ. Ամիր Նադերի եւ Ջաֆար Փանահիի այցը Հայաստանի կինոյի հիմնադրամ

13:05   18 հուլիսի, 2025

Հուլիսի 17-ին Հայաստանի կինոյի hիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում՝ աշխարհահռչակ կինոռեժիսորներ Ամիր Նադերիի և Ջաֆար Փանահիի մասնակցությամբ։ Երկու արվեստագետներն էլ Երևանում են «Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնի շրջանակում և հանդիսանում են փառատոնի պատվավոր հյուրեր։

IMG_7055.jpeg (179 KB)

Հանդիպմանը ներկա էին նաև կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը, «Daricheh Cinema»-ի հիմնադիր տնօրեն Առմին Միլադը և ոլորտային այլ գործընկերներ։ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը իր ողջույնի խոսքում հատուկ անդրադարձավ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմին՝ ընդգծելով այն արվեստի խորությունը և ճշմարտացիությունը, որն առավելագույնս ներգործում է հանդիսատեսի վրա։

 IMG_7054.jpeg (377 KB)

Քննարկման առանցքում էր կինոն որպես հումանիտար լեզու՝ անցյալից դեպի ապագա միտված մշակութային կապեր ստեղծելու, տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափեր պատկերացնելու և մասնագիտական համախմբման նոր հնարավորություններ բացելու նպատակով։

Կողմերը քննարկեցին ստեղծագործական և կրթական հնարավոր նախաձեռնություններ, որոնք կարող են համախմբել նոր սերնդի կինոգործիչներին՝ գիտելիքի փոխանակման, համատեղ արտադրության և միջազգային համագործակցության միջավայրում։

IMG_7056.jpeg (381 KB)

Դավիթ Բանուչյանը հանդիպման ավարտին պատվավոր հյուրերին հանձնեց հայկական ծիրանափող՝ որպես մշակութային երկխոսության խորհրդանիշ։ Հանդիպման ընթացքում ձևավորված փոխըմբռնումը և գործակցային պատրաստակամությունը հիմք են դնում երկկողմ հարաբերությունների խորացմանը՝ հստակ նպատակադրությամբ՝ զարգացնել և ձևավորել նոր համագործակցային ցանցեր, ապահովել ոլորտային համատեղ առաջընթաց, նշված է Կինոյի հիմնադրամի հաղորդագրության մեջ



© NEWS.am STYLE