10:08 20 հուլիսի, 2025Երևանի 22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 19-ին Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում Ոսկե ծիրան ստացավ Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» (Խորվաթիա/Իտալիա/Սլովենիա) ֆիլմը։
Посмотреть эту публикацию в Instagram
Արծաթե ծիրանի արժանացավ Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն» (Վրաստան) կինոնկարը:
Հատուկ հիշատակման արժանացավ Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի երգեր» (Ուկրաինա/Դանիա/Շվեդիա/Ֆրանսիա) ֆիլմը։
«Ծիրանի կորիզ» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Գոռ Առուշանյանի «Մայրենիքը» (Հայաստան/Լեհաստան)։
Արծաթե ծիրանի արժանացավ Զաք Դեմիրճյանի «Օձի ապուրը» (Հայաստան)։
Հատուկ հիշատակման արժանացավ Արեգ Ազատյանի «Աշխարհը մերն ա» (ԱՄՆ/Հայաստան) ֆիլմը։
FIPRESCI-ի մրցանակ ստացավ Մորադ Մոստաֆայի «Այշան չի կարող թռչել հեռանալ» (Եգիպտոս/Սուդան/Թունիս/Սաուդյան Արաբիա/Կատար/Ֆրանսիա/Գերմանիա) ֆիլմը։
Տարածաշրջանային մրցույթում Ոսկե ծիրան մրցանակի արժանացավ Սեպիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» (Ֆրանսիա/Պաղեստին) ֆիլմը։
Արծաթե ծիրան ստացավ Սայիդ Նուրիի «Թեհրան․ անավարտ պատմություն» (Իրան) ֆիլմը։
Հատուկ հիշատակման արժանացավ Զարդաշտ Ահմեդի «Տիգրիս գետի առյուծները» (Նորվեգիա/Նիդերլանդներ) ֆիլմը։
Փառատոնի հատուկ՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը կինոյում ունեցած վաստակի համար հանձնվեց ժյուրիի նախագահ, Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոյին։
«Փարաջանովյան թալեր» հանձնվեց նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանին։
Փառատոնի մեկ այլ հատուկ` «Վարպետ» մրցանակը հանձնվեց հունական Նոր ալիքի համահիմնադիր, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակ, նշանավոր Աթենբերգ ֆիլմի ռեժիսոր, փառատոնի ժյուրիի անդամ Աթինա Ռախիլ Ցանգարիին։
Կինոփառատոնի հանդիսավոր փակումն ազդարավեց Հարություն Խաչատարյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։