Ինչպե՞ս Կաննում պատահական հանդիպումը դարձավ մեծ համագործակցության սկիզբ. Դիանա Դայանը կնկարահանվի ամերիկյան ֆիլմում

13:31   30 հուլիսի, 2025

Կաննում լինելը դերասանուհի, պրոդյուսեր Դիանա Դայանին տվեց ոչ միայն անմոռանալի հուշեր, այլեւ գործնական ձեռքբերումներ, որոնք շուտով կյանքի կկոչվեն: Դերասանուհին, ով այժմ նաեւ Հայաստանի Կինոռեժիսորների եւ Պրոդյուսերների գիլդիայի անդամ է, ամերիկյան ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել:

Դիանան պատմում է՝ շատ պատահական հանդիպումը ամերիկացի սցենարիստ եւ կինոպրոդյուսեր Րոն ՄքՔանթսի հետ, դարձավ անսպասելի առաջարկի սկիզբ:

att.vKBd6QqxmuNnPIjOUtqnGboURZNAGAB0nWcfN5GyW_Q.jpeg (119 KB)

«BODIED»-ը հզոր եւ հուզիչ կարճամետրաժ ֆիլմ է՝ փարթամ պարի աշխարհում գոյատեւելու, նպատակների ու ինքնազոհաբերության մասին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, խոսելով իր մասնակցությամբ ամերիկյան նախագծի մասին, ոգեւորությամբ պատմեց դերասանուհին: «Ֆիլմը բացահայտում է կրքի եւ պարտականությունների միջեւ լարվածությունը՝ ցույց տալով, թե ինչպես կարող է ձգտումը միաժամանակ թե՛ առաջ մղել, թե՛ կործանել։ Դաժան, նուրբ եւ խորապես մարդկային պատմություն է՝ այն ամենի մասին, ինչի գնով մարդիկ պատրաստ են հետեւել իրենց սիրած գործին»։

att.eAXT_kBGgmmIt8_6VQbEXQnqekcF-gzMRshAOz1A7c8.jpeg (150 KB)

Դիանան բացահայտեց, որ Ֆիլմում մարմնավորելու է Շառլոթին՝ առանցքային կերպարներից մեկին։ «Նա ուժեղ, հավասարակշռված եւ ինքնավստահ պարուհի է, ով գործում է արտոնյալ պայմաններում։ Նրա ներկայությունը հակադրում է գլխավոր հերոսի պայքարին՝ դառնալով միաժամանակ վստահելի հենարան, ներքին հանգստության աղբյուր եւ խորապես մարդկային հայելի՝ պատմության ամենաանկեղծ պահերին»։

att.cauyTP2gYhuMOMu29Nk5_41lh1T1yznq9qdmG6v9AL0.jpeg (87 KB)

Դիանան Կաննում առաջին անգամ էր, բայց համոզված է՝ պետք է մի քանի անգամ լինել այնտեղ՝ լիարժեք հասկանալու, թե ինչ է իրականում տեղի ունենում փառատոնի ներքին կառույցում։

«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նույնիսկ իմ առաջին մասնակցությամբ հաջողվեց ստանալ արժեքավոր փորձ, կարեւոր ինֆորմացիա եւ հաստատել մի շարք նշանակալի կապեր»,-իր փորձով հաստատում է նա՝ կիսվելով նաեւ այտեղից ստացած այլ տպավորություններով:

att.K-vtdwZNxwRoBZO4oLVpZmg-DzvCerCHmPCE-JanR6o.jpeg (227 KB)

«Իհարկե, մասնակցությունը բերեց բազմաթիվ հետաքրքիր ծանոթություններ։ Մի քանի մետր հեռավորության վրա էի գտնվում կինոաշխարհի լեգենդներից՝ դիտելով նրանց նորագույն ֆիլմերի պրեմիերաները։ Այդ պահերին թվում էր, թե բոլորիս մասնակցությամբ մեկ ընդհանուր ֆիլմ է նկարահանվում։ Առանձնահատուկ ծանոթություններից մեկը եղավ նաեւ իմ՝ որպես պրոդյուսեր, ստացած առաջարկը՝ նկարահանելու մի ֆրանսիացի երիտասարդի կյանքի պատմությունը՝ այն մասին, թե ինչպես է նա հաղթահարել քաղցկեղը՝ դեռևս 19 տարեկանում»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Դիանա Դայանի անձնական արխիվից



© NEWS.am STYLE