«Ելք չկա» ֆիլմը մերօրյա խնդիրների մասին է. Կամո Ունանյան

14:32   8 փետրվարի, 2014

«Ելք չկա» քրեական դրաման հայկական արտադրության նոր ֆիլմ է, որը հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել փետրվարի 15-ից, բոլոր կինոթատրոններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պրոդյուսեր, դերակատար Կամո Ունանյանը:

«Ֆիլ­մը նկա­րա­հան­վել է Հա­յաս­տա­նում եւ Վրաս­տա­նում՝ օգոստոսի 26-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը: Բավական երկար ժամանակ աշխատել ենք, որպեսզի որակով աշխատանք ներկայացնենք: Այն մերօրյա խն­դիր­նե­րի մա­սին է, որ­տեղ կա սեր, ըն­կե­րու­թյուն, դա­վա­ճա­նու­թյուն: Ոչ մի անհավանական բան, ներկայացրել ենք այն, ինչ ի­րա­կա­նում կա­տար­վում է մեր կյան­քում, ո­րի մասին մեր ծնող­նե­րը շատ ան­գամ չեն էլ իմա­նում: Ե­րի­տա­սարդ մար­զիկ տղան, հաս­նե­լով հաջողություն­նե­րի, ու­զում է կարգավորել նաեւ իր անձնա­կան կյանքը, սի­րա­հար­վում է: Երբ թվում է, թե ա­մեն ինչ լավ է, ըն­կե­րոջ պատ­ճա­ռով ընկ­նում է խնդիր­նե­րի մեջ, հայ­տն­վում այն­պի­սի իրավիճա­կում, որ մնում է մե­նակ: Ըն­կե­րը դա­վա­ճա­նում է, եւ հե­րո­սը ելք չգտ­նե­լով՝ սկսում է դի­մել այն­պի­սի քայ­լե­րի, ո­րոնց եր­բեք չէր դի­մի»,- նշեց Կամո Ունանյանը:

Ֆիլմը պրոդյուսերի առաջին կինոփորձն է: Ժապավենում նա մարմնավորում է նաեւ գլխավոր հերոսներից մեկին: «Ելք չկա»-ն կտարբերվի նաեւ երաժշտականությամբ: Կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի երաժշտությունը կհնչի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ: Բացի սկսնակ դերասաններից, ֆիլմում նկարահանվել են անվանի արտիստներ Արտաշես Ալեքսանյանը եւ Արմեն Մարությանը: Ռեժիսորը Վահե Սայանն է, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը: Ֆիլմի երկրորդ` ռեփ ոճի soundtrack-ը կատարել է Նարեկ Պետրոսյանը: Նախաձեռնողներն առաջիկայում նպատակ ունեն քրեական դրաման ցուցադրել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում: Իսկ առաջիկայում կներկայացնեն Երեւանում եւ ՀՀ մարզերում:

Ունանյանը չի բացառում, որ այն կմասնակցի նաեւ փառատոնների, սակայն առաջնային խնդիրը ֆիլմի ասելիքը հայ հանդիսատեսին հասցնելն է:


«Շատ ծրագրեր կան: Առաջնայինն այս պահին ֆիլմը հասանելի դարձնել տարբեր երկրներում, իսկ հետագայում, իհարկե, կլինեն նոր ֆիլմեր»,- նշեց Կամոն:

Արմեն Մարությանը հավատացրեց, որ այս ֆիլմը տարբերվում է մնացած քրեական ֆիլմերից, քանի որ դաստիարակչական բնույթ ունի: 

«Հավատացեք, եթե ես ֆիլմի լրջությունը չտեսնեի, չէի համաձայնվի նկարահանվել: «Ելք չկա»-ն ունի իր ասելիքը: Այստեղ կա հերոս, որը կանգնում է դժվար իրավիճակի առջեւ եւ դիտողին էլ ցույց է տալիս, թե ինչպես պետք է դուրս գալ այդ իրավիճակից: Ես այս ֆիլմում բացասական կերպարով եմ հանդես գալիս, չնայած ինքս դրական անձնավորություն եմ: Ֆիլմի վերջնական տարբերակը, իհարկե, չեմ տեսել, բայց վստահ եմ, որ լավ ֆիլմ է»,- նշեց դերասանը:


Ֆիլմի տեւողությունը 90 րոպե է: 

Նշենք, որ Կամո Ունանյանը կարատեի աշխարհի չեմպիոն է, եվրոպայի արծաթե մեդալակիր:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE