Օրական մեկ դիետիկ կոլան 38%-ով մեծացնում է շաքարախտի առաջացման ռիսկը

19:48   31 հուլիսի, 2025

Կալորիաները կրճատելու համար սովորական կոլայի փոխարեն նախընտրո՞ւմ եք դիետիկը։ Նոր ավստրալական ուսումնասիրությունը պարզել է, որ նման ընտրությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան թվում է առաջին հայացքից, գրում է NYP-ն։

Մոնաշի համալսարանի, RMIT համալսարանի և Վիկտորիայի քաղցկեղի խորհրդի գիտնականների թիմը պարզել է, որ օրական արհեստական քաղցրացուցիչով ընդամենը մեկ ըմպելիքի օգտագործումը 38%-ով մեծացնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը։ Համեմատության համար՝ սովորական շաքարային ըմպելիքների օգտագործումը կապված է ռիսկի 23%-ով աճի հետ։

«Սա կասկածի տակ է դնում այն տարածված կարծիքը, որ արհեստական քաղցրացուցիչներով ըմպելիքներն ավելի անվտանգ ընտրություն են»,-ասել է շաքարախտի և անոթային բժշկության մասնագետ, ուսումնասիրության հեղինակ պրոֆեսոր Բարբորա դե Կուրտենը։

Հետազոտությունը տևել է գրեթե 14 տարի և ընդգրկել է 40-ից 69 տարեկան ավելի քան 36,000 ավստրալացիների: Նույնիսկ այլ գործոնները՝ քաշը, ֆիզիկական ակտիվության մակարդակը, սննդակարգը և բժշկական պատմությունը հաշվի առնելուց հետո, դիետիկ ըմպելիքների և շաքարախտի միջև կապը մնացել է վիճակագրորեն նշանակալի:

Սա ենթադրում է, որ արհեստական քաղցրացուցիչները կարող են անմիջականորեն ազդել նյութափոխանակության վրա, և ոչ թե միայն անուղղակիորեն՝ ավելորդ քաշի միջոցով։

«Մենք սովորել ենք այն մտքին, որ եթե հրաժարվենք շաքարից, ամեն ինչ լավ կլինի։ Բայց գուցե ժամանակն է վերանայել նաև արհեստական քաղցրացուցիչների վերաբերյալ քաղաքականությունը»,-հավելել է պրոֆեսոր դը Կուրտենը։



© NEWS.am STYLE