22:22 31 հուլիսի, 2025Բրիտանացին յոթ տարվա ընթացքում 43 անգամ ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին և վերջապես լսել ցանկալի «այո»-ն։
Էսեքսի Չելմսֆորդ քաղաքի 38-ամյա բնակիչ Սառա Վինտրիպը վերջապես «այո» է ասել իր 36-ամյա ամուսնուն՝ Լյուկ Վինտրիպին, նրա կողմից ցուցաբերված անհավանական համբերատարությունից հետո: Իրենց հարաբերությունների տարիների ընթացքում տղամարդը ամուսնության առաջարկություն է արել տարբեր վայրերում՝ ամրոցներից մինչև լեփ-լեցուն ռեստորաններ, կազմակերպել է ռոմանտիկ ընթրիքներ և հրավիրել փողոցային երաժիշտների, բայց ամեն անգամ մերժվել է։

Նա առաջին անգամ ծնկի իջավ նրանց հարաբերությունների ընդամենը վեցերորդ ամսում՝ Ճամայկայում ռոմանտիկ ձիավարության ժամանակ։ Սակայն Սառան, որը նոր էր դուրս եկել լուրջ հարաբերություններից և մեծացնում էր երեք դուստրերին, պատրաստ չէր նոր ամուսնության։ «Ես սիրում էի նրան, բայց չէի ուզում համաձայնվել, մինչև չհամոզվեի, որ դա ճիշտ է ինձ և երեխաներիս համար»,-խոստովանել է նա։
Յուրաքանչյուր «ոչ»-ի հետ Լյուքն ավելի ու ավելի հնարամիտ էր դառնում։ Ամենատպավորիչ փորձերից մեկը տեղի է ունեցել Պրահայում, որտեղ նա ամուսնության առաջարկ է արել լքված ամրոցում՝ այն զարդարելով ծաղկեպսակներով, շամպայնով և շոկոլադով։ Բայց դա էլ չի աշխատել։ «Մարդիկ ինձ ասում էին՝ «Դու փորձում ես կոտրել նրան», բայց ինձ համար դա սիրո ապացույց էր։ «Ես ուզում էի, որ նրա դուստրերը տեսնեին, թե որքան եմ սիրում իրենց մորը»,-հիշում է Լյուքը։

Նրա բազմաթիվ փորձերի տեսանյութերը վիրուսային են դարձել TikTok-ում, այդ թվում՝ այն պահը, երբ Սառան ամաչելով թաքցնում է դեմքը ռեստորանում։ Տեսանյութի մակագրության մեջ նշված է՝ «43 ամուսնության առաջարկ, և ահա մենք ամուսնանում ենք երկու շաբաթից»։
2023 թվականին Սառան խնդրել էր Լյուկին ժամանակավորապես դադարեցնել փորձերը՝ սպասել «այդ պահին»։ Այդ պահը եկավ Գրինվիչում՝ Արևելյան և Արևմտյան կիսագնդերի խորհրդանշական հատման կետում։ Այնտեղ փողոցային երաժիշտը նվագում էր Սառայի սիրելի երգերը, և Լյուկն ասաց. «Սա աշխարհի կենտրոնն է, իսկ դու իմ աշխարհի կենտրոնն ես։ Ամուսնացիր ինձ հետ»։
2025 թվականի մայիսի 17-ին զույգը պաշտոնապես դարձավ ամուսին և կին։
Հիմա Սառան ասում է, որ չի զղջում և խորհուրդ է տալիս մյուս կանանց չշտապել որոշումներ կայացնելիս. «Եթե նա «միակն» է, նա պատրաստ կլինի սպասել: Ասեք «ոչ» կամ «ոչ հիմա», եթե վստահ չեք։ Նա անպայման արժանի է տեղի Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելուն»,-կատակել է Սառան։ «Եվ ես անչափ շնորհակալ եմ նրա համառության համար»։