«Echoes of Our Ancestors». Արման Նշանյանը միավորել է Սերգեյ Սմբատյանին, Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին, Սոնա Ռուբենյանին, Նունե Եսայանին և այլոց

14:07   7 օգոստոսի, 2025

Հայ ժողովրդի պատմությունը՝ երաժշտական-թատերական ներկայացման լեզվով․ 2025թ. սեպտեմբերի 12-ին՝ Լոս Անջելեսի հեղինակավոր The Greek Theatre-ում, կայանալու է «Echoes of Our Ancestors» երաժշտա-թատերական ներկայացման համաշխարհային պրեմիերան։ Ներկայացման գեղարվեստական ղեկավարն է ռեժիսոր, դերասան Արման Նշանյանը, պրոդյուսերը՝ Ասկո Հակոբյանը, իսկ գլխախոր դիրիժորը՝  Սերգեյ Սմբատյանը։

Նախագիծը միավորել է հայ արվեստագետների ամբողջ աշխարհից՝ տեղի մշակութային գործիչներից մինչև համաշխարհային ճանաչում ունեցող  անուններ։

Արման Նշանյանի խոսքով՝ «Echoes of Our Ancestors»-ը սովորական համերգ չէ։ Այն համադրում է մյուզիքլի, թատերական ներկայացման և պատմական ներկայացման տարրերը՝ ստեղծելով մի սինթեզ, որտեղ երաժշտությունն ու պատմությունը միահյուսված են։

b69541da-9213-498f-adae-47d3a6e49122.jpeg (140 KB)

«Երբ հնչեց հարցը՝ ինչ պատմություն պատմել, ակնհայտ էր՝ մեր պատմությունը։ Ոչինչ ավելի արդիական ու խորքային չէ այսօր, քան հայ ժողովրդի կերտած ճանապարհն ու մշակութային դիմադրողականությունը։ Այսպես ծնվեց «Echoes of Our Ancestors»-ը»,-ասում է Նշանյանը։

Վերջինս իր գաղափարն առաջինը ներկայացրել է կնոջը:

«Իմ կինը միշտ իմ առաջին լսարանն է։ Բոլոր նոր ու խենթ գաղափարները նախ ներկայացնում եմ նրան։ Երբ պատմեցի այս նախագծի մասին, նա անմիջապես դրական արձագանքեց։ Մեր զրույցի ընթացքում էլ ծնվեց անունը՝ «Echoes of Our Ancestors»։ Անգլերեն “echoes” բառը նշանակում է «արձագանք», բայց հայերեն թարգմանելիս մենք փորձեցինք տալ նրան ավելի խորքային շունչ՝ «Նախնիների կանչը»: Այս նախագիծն իրականում հենց դա է՝ մեր նախնիների ձայնը, որ հնչում է անցյալից՝ դեպի ներկա»։

Նախագծի հիմքում ընկած են հայ ժողովրդի պատմության 20 առանցքային դրվագներ՝ ներկայացված երաժշտության, թատրոնի, վիզուալ արվեստի և պարի համադրությամբ։ Ստեղծագործական աշխատանքները սկսվել են Նշանյանի ամենամոտ շրջանակից։ Առաջին իսկ օրից նախագծին միացել է պրոդյուսեր Ասկո Հակոբյանը։ Այնուհետև կոմպոզիտոր  Անդրանիկ Բերբերյանը, ով հանդես է գալիս որպես երաժշտական պրոդյուսեր: Անդրանիկի հետ կազմվել և վերամշակվել է ամբողջ «երաժշտական քարտեզը»։ Ըստ Նշանյանի՝ առանց Անդրանիկ Բերբերյանի երաժշտական ներուժի ու ստեղծագործական ճշգրտության՝ այս նախագիծը չէր ունենա այն ամբողջականությունն ու նրբությունը, որն այժմ ունի:

Ներկայացումը ներառում է՝ սիմֆոնիկ և ազգային նվագախումբ, LED էկրաններ և տեսաշարեր, ժամանակակից և ավանդական պարային բեմադրություններ:

Թիմին առաջին միացողներից էր Սերժ Թանկյանը։

4910efc4-11ce-4deb-8450-f586a0cc4a69.jpeg (141 KB)

«Սերժն իմ ու Ասկո Հակոբյանի «Ամերիկացի» ֆիլմում հանդես էր եկել որպես կոմպոզիտոր, և մենք արդեն համագործակցության փորձ ունեինք։ Երբ Ասկոն ներկայացրեց նախագիծը, Սերժը ոչ միայն անմիջապես համաձայնեց, այլև մեծ ներգրավվածությամբ մասնակցեց բոլոր փուլերին։ Նա մեզ հետ է թե՛ գաղափարապես, թե՛ անձնական ու ստեղծագործական ներկայությամբ»,-ընդգծում է Նշանյանը։

Ներկայացման մասնակիցներն ընտրվել են ոչ միայն իրենց երաժշտական վարպետությամբ, այլև ըստ իրենց կարողության՝ մարմնավորելու պատմական ժամանակաշրջաններ, արժեքներ ու խորհրդանիշներ։ Նշանյանի ձևակերպմամբ՝ նրանք դերակատարներ են, ոչ թե պարզապես կատարողներ։

Ներկայացման մասնակիցներն են՝

Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Սեբուն, Գառնիկ Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, Սևակ Ամրոյանը, Իզաբել Բայրաքթարյանը, Բարսեղ Թումանյանը, Նունե Եսայանը, Արմեն Մովսիսյանը, Պերճ Կարազյանը, Սուրեն Առուստամյանը, Լյուդվիգ Իսպիրյանը, «Հայկյան» երգչախումբը, «Զվարթնոց» պարային համույթը և այլք:

Աշխարհի ամենահայտնի ամֆիթատրոններից՝ The Greek Theatre բացօթյա համերգասրահը, հատուկ է ընտրվել:

«Չնայած իր 6000 հանդիսատեսի տարողությանը՝ այն պահպանում է իր յուրահատուկ ինտիմ մթնոլորտը։ Եվ հենց դա էր մեզ պետք։ Ես երբեք չեմ կասկածել՝ այս ներկայացումը պետք է կայանա հենց այդ բեմում: Ներկայացման գաղափարն ի սկզբանե չի նախատեսել որևէ այլ վայր։ Մեր տեսլականը հստակ է եղել՝ այն պետք է լինի բացօթյա բեմում, ուղիղ աստղերի տակ։ Այս պատմությունը պետք է պատմվի ազատ երկնքի տակ։ Որպես հարգանքի տուրք մեր նախնիներին, սա պետք է հնչի այնպես, ինչպես հնագույն բալադները՝ բնական հնչողությամբ, բաց տարածքում, մարդկանց զանգվածի առաջ»,-ասում է Նշանյանը։

Սակայն ցանկությունն իրականություն դարձնելը հեշտ չէր։ Թատրոնի հետ կապ հաստատելն ամիսներ շարունակ չի ստացվել։

«Ասկո Հակոբյանի հետ ամիսներ շարունակ փորձեցինք պարզապես շփման եզր գտնել։ Վերջապես, մեր համառության, ինչպես նաև քաղաքապետարանի աջակցությամբ, մեզ հաջողվեց միանալ համապատասխան կառույցներին։ Շատ արագ կողմնորոշվեցինք, ստորագրեցինք փաստաթղթերը և գործը սկսվեց»,-պատմում է նա։

Ներկայացման գեղարվեստական ղեկավար Արման Նշանյանը չի թաքցնում՝ այս նախագիծը իր համար ամենադժվարներից էր, որ երբևէ նախաձեռնել է.

«Սա, թերևս, իմ կյանքի ամենախիզախ ու բարդ նախագիծն է։ Եվ անկեղծ ասած՝ առանց աջակցության այն հնարավոր չէր իրականացնել։ Առաջին իսկ օրվանից ինձ հետ է եղել պրոդյուսեր Ասկո Հակոբյանը։ Նա անշահախնդիր ու անմնացորդ նվիրվածությամբ կանգնել է կողքիս: Մշտապես զգում ենք Սիրվարդ Քավուկչյանի աջակցությունը»:

Նախագիծը համախմբել է նաև կարևոր կառույցների և անհատների աջակցությունը։ Նշանյանը երախտագիտությամբ առանձնացնում է University of Southern California-ի Armenian Studies ինստիտուտը, ինչպես նաև այս գործին նվիրված հայ արվեստասեր ընտանիքներ ու անհատներ՝ Տիրան և Գոհար Օհանյանները, Շուշան Կարապետյանը և այլք։

Այսօր նրանք բոլորը միավորվել են «People of Our Cultural Foundation» հովանու ներքո՝ որպես խորհրդի անդամներ։

«Մենք միասին ստեղծում ենք ոչ միայն ներկայացում, այլև մի հարթակ, որն ապրեցնում է հայ մշակույթը։ Մեր նպատակն է շարունակել ստեղծագործել՝ ի շահ մեր ազգի, մեր ժառանգության։ Որպեսզի հայ մշակույթը չմարի, այլ զարգանա, բարգավաճի, և ապրի՝ ինչպես ապրել է դարեր շարունակ»,-ընդգծում է Նշանյանը։

Պրեմիերայից հետո ներկայացումը կշարունակի շրջագայությունը՝ Երևանում, Կանադայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Հարավային Ամերիկայում և Նյու Յորքում։ Հայ հանդիսատեսին այն կներկայացվի բացօթյա և անվճար ձևաչափով՝ որպես հարգանքի տուրք՝ նախնիներին, հայրենիքին և ժողովրդին։

Հիմնական ուղերձը հստակ է. հիշել՝ որտեղից ենք գալիս և հպարտանալ, որ կանք։



© NEWS.am STYLE