18:30 10 օգոստոսի, 20252000-ականների հանդեպ սերը անբացատրելի է հատկապես նրանց համար, ովքեր իրենց երիտասարդությունը վայելել են հենց այդ ժամանակ։ Գլամուրը, որը իր գագաթնակետին հասավ հենց 2000-ականներին, հիմա ընկալվում է իբրև նորաձևության թրենդ, սակայն այն ժամանակ գլամուրը ապրելակերպ էր։ Դե ինչ, եկե՛ք ընկղմվենք այդ հետաքրքիր ժամանակաշրջանի մեջ՝ հիշելով, թե ինչպիսի՞ն էին այդ ժամանակաները։
Հիանալի և զզվելի 2000-ականներ
Մինչ մեր նորաձևության թրենդների իմանալուն անցնելը, խոսենք, թե ո՞ր թրենդներն էին հատկապես սիրում հայերը. ցածր գոտիով, կիպ տաբատներն ու ջինսերը, բոհո ոճով տոպերը, «անիմաստ», բարակ շարֆերը, որոնք դեկորատիվ բնույթ ունեին, Ավրիլ Լավինի ոճը և, իհարկե, գլամուրն իր բոլոր դրսևորումներով՝ դիսկո տոպերից մինչև Juicy Couture-ի ոճով սպորտային հագուստներ։ Հետաքրքիր է, որ նույն գլամուրը մեզ՝ հայերիս հետ «վատ կատակ խաղաց». վագրային պրինտով ամեն տեսակի հագուսները, շատ բարակ հոնքերը, տարօրինակ ակնոցները, ամեն տեղ վարդագույնը և ոչ բնական արևայրուքը՝ շատ մուգ մաշկ ունենալու համար՝ 2000-ների կողմնակի ազդեցությունն էին։
Ես ինքս 2000-ականները հիշում եմ ուղիղ մազափնջերով (чёлка), որոնք ուղեկցվում էին մազերի օղակներով, շագանակագույն ու փայլուն շրթներկներով և 70-ականների ոճով, ինչպես ասում է ժողովուրդը՝ հոլիդե ջինսերով։
Ահա այսպիսին էր հայ նորաձև հասարակությունը, իսկ հիմա եկե՛ք հասկանանք, թե որտեղի՞ց էին հայերը իմանում նորաձևության միտումների մասին։
«Burda» և «Лиза» ամսագրեր

2000-ականների նորաձևությունը շատերի մոտ տպավորվել է հենց այս երկու ամսագրերով, ու չնայած նրան, որ միջազգային ասպարեզը վաղուց վայելում էր Vogue-ն ու Harper’s Bazaar-ը, հայ աղջիկները նորաձևության միտումների մասին իմանում էին հենց այս ամսագրերից։ «Burda»-ն, իհարկե, խորհրդային տարիների ժառանգությունն էր հայկական իրականությանը, բայց, չնայած դրան, 2000-ականներին նույնքան ակտուալ էր։ Գերմանական այս ամսագիրը «պատմում» էր նորաձևության թրենդների և կարուձևի մասին. պրակտիկ, մատչելի ու, կարևորը, տեսողական դիտարկման զարգացում։

Իսկ ահա «Лиза» ամսագիրը իր ֆունկցիոնալությամբ անցնում էր անգամ սեփական նախատիպերին. նորաձևությունից մինչև խոհանոց, մարզանքներից մինչև հայտնի աստղերի անձնական կյանքը, հոգեբանական ու առողջական խորհուրդներ՝ մի խոսքով՝ այն ամենը, ինչը հետաքրքրում էր կանանց։ Եվ եթե համեմատենք գերմանական «Burda»-ի հետ, ապա «Лиза»-ն «մեծ քրոջ պես» բացատրում էր նորաձևության նոր թրենդները, սովորեցնում նոր սանրվածք կամ դիմահարդարում անել։
«Աստղերն էին հուշում»
Շոուբիզնեսի ազդեցությունը հատկապես նկատվում է նորաձևության նոր միտումներ առաջադրելիս, և նույնը կատարվում էր հայկական շոուբիզնեսում։
Մինչև այժմ ամենանորաձև հայ աստղերի ցուցակում է մնում Զարուհի Բաբայանը, ում հատկապես գագուր սանրվածքը հայ աղջիկները փորձում էին նմանակել։ Իսկ իր «Ոնց դիմանամ» երգի տեսահոլովակը ժամանակակից լեզվով ասած GRWM-ի նախատիպն էր։ Արմինկայի «Անձրև» երգը, որը բացահայտում էր նոր աստղին հայկական լսարանի համար, միանգամից ցույց տվեց՝ երիտասարդ երգչուհին ունի ճաշակի յուրահատուկ զգացում և համարձակություն բոլորին չնմանվելու։

Արմինկայի նախնական տեսահոլովակները ոճի փնտրման մասին են, սակայն իրարից տարբերվող այդ տեսահոլովակների մեջ կան մի շարք հետաքրքիր մտքեր նույնիսկ հիմա ոգեշնչվելու համար. հատկապես աչքի է ընկնում կրեատիվությունն ու ձգտումը տարբերվելու համար, անգամ այն ժամանակ, երբ հնարավորությունները բավականին քիչ էին։ Իսկ երբ Արմինկան ներկեց իր մազերը բաց գույն, վստահաբար դարձավ «հայ Փերիս Հիլթոնը»։

Չմոռանանք Անի Քրիստիի «Տաք անձրև» տեսահոլովակը, որտեղ երիտասարդ երգչուհին «դաժան պայմաններում» ստեղծեց ոչ միայն հիթ, այլև նմանակելու նոր միտում. մատները բաց ձեռնոցը։ Սակայն 2000-ականների ամենաազդեցիկ հայ երգչուհին, ով իր երկրպագուների սիրտը գերում էր ոչ միայն R&B ոճի երգերով, այլև համարձակ և գլամուրային կերպարներով Սյուզին էր. ի՞նչ արժեին միայն նրա վագրով տեսահոլովակներն ու փայլփլուն զգեստները։

Հայկական շոուբիզնեսում իր ոճով տարբերվում էր երգչուհի Շպռոտը. կարճ սանրվածք, որը, կարելի է ասել, 2000-ականներին անթույլատրելի էր, բաց հագուստ, կրծկալով կամ բոդիով տեսակոլովակներ՝ այս ամենը 2000-ականների համար «չափից դուրս» էր, բայց միաժամանակ շատ հետաքրքիր։

Սիրուշոյի և Էմմիի մրցակցությունը անգամ ոճի մեջ էր զգացվում. նշենք, որ երկուսին էլ նույնչափ ընկալում էին որպես նորաձևության միտումներ առաջադրողներից առաջինները։ Այս դեպքում առաջարկում ենք հիշել Սիրուշոյի Եվրատեսիլի «ծանրակշիռ» զգեստը, և Էմմիի ու Սուպեր Սաքոյի «Ոչ մեկին չասես» տեսահոլովակում երգչուհու կրած՝ սրտեր գերած կանաչ, կրքոտ զգեստը։ Ներկայիս տեսանկյունից երկու աստղերն էլ երիտասարդ տարիքում ավելի համարձակ էին հագնվում, չնայած բուռն արձագանքներին, քան այժմ։
Կինո և սերիալներ
Հայկական կինոարտադրությունը մեծ թափ առավ ոչ միայն Նազենի Հովհաննիսյանի տաղանդի շնորհիվ, այլև նրա ստեղծած կերպարի, որը մինչև այժմ կրկնօրինակվում է. երկար մուգ շագանակագույն մազեր, բնական դիմահարդարում, միաժամանակ էլեգանտ և շատ կանացի կերպարներ. հետաքրքիր է, որ դերասանուհու ոճը շարունակում է մնալ նույնը ու շարունակում է հետաքրքրել լսարանին։

Նույն ժամանակ ասպարեզ դուրս եկավ նոր աստղ, ով թեև դերասանուհի չէր, սակայն իր կատարած սակավաթիվ դերերով դարձավ ավելի ճանաչելի հայկական լսարանին. խոսքը Լուսինե Թովմասյանի մասին է։ 17 տարեկանում «Միսս Հայաստան» տիտղոսին արժանացած երիտասարդ աստղը է՛լ ավելի հայտնի դարձավ իր կատարած դերերով և հատկապես «Մի՛ վախեցիր» ֆիլմում գլխավոր հերոսուհու կերպարով։

Սա հնարավորություն տվեց աստղին մի շարք նորաձևության նոր միտումներ առաջադրել հայ հասարակության մեջ, որոնցից գլխավորը համեստ և զուսպ կերպարներն էին։
Եվս մեկ ակնառու հայ դերասանուհիներից էր Լուիզա Ներսիսյանը, ով ոչ միայն տարբերվում էր իր ոճով և կարմիր մազերով, այլև առաջինն էր, ով խոսեց վիրաբուժական միջամտության մասին, ինչը այն ժամանակ շատ խիստ էր դիտարկվում։

Իհարկե մեծ էր նաև արտասահմանյան և հատկապես ռուսական շոուբիզնեսի ազդեցությունը հայկական նորաձևության զարգացման վրա, սակայն այս նյութում կարևոր էր շեշտը դնել հենց հայկականի վրա. չէ՞ որ 2000-ականների Հայաստանն ինքնին լավ հիշողություններ է արթնացնում շատերիս ներսում։
Հերմինե Սահակյան