Կոպենհագենը կհեռացնի «տգեղ և պոռնոգրաֆիկ» ջրահարսի արձանը

16:45   14 օգոստոսի, 2025

Դանիայի կառավարությունը որոշել է հանրային տեսադաշտից հեռացնել Կոպենհագենի մոտ գտնվող Դրագյոր ամրոցի հսկայական, սեքսուալացված ջրահարսի արձանը, հաղորդում է ART News-ը։

«Մեծ ջրահարսը» անվամբ քանդակը բազմիցս քննադատության է արժանացել մասնագետների և հանրության կողմից։ «Berlingske» թերթում քննադատ Սորինե Գոտֆրեդսենը գրել է. «Տղամարդու երազանքների կնոջ մարմինն արտացոլող արձանի կանգնեցումը, հավանաբար, շատ կանանց չի օգնի ընդունել իրենց սեփական մարմինը»։ «Պոլիտիկեն»-ից արվեստի քննադատ Մաթիաս Կրյուգերը քանդակն անվանել է «տգեղ և պոռնոգրաֆիկ»։

Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթից ոգեշնչված քարե արձանը պատկերում է կամարաձև մեջքով, բարձր պահած գլխով և հստակ սահմանված կուրծք ունեցող կնոջ, որը հենված է ժայռին։ Քանդակը սկզբնապես տեղադրվել է Կոպենհագենի կենտրոնում գտնվող հայտնի Ջրահարսի կողքին, բայց 2018 թվականին տեղափոխվել է Դրագյոր ամրոց։

Ամրոցը պահպանվող հուշարձան է և պաշտպանված է Դանիայի թանգարանների մասին օրենքով։ Մշակույթի նախարարության մաս կազմող Մշակույթի և պալատների գործակալությունը պատասխանատու է տեղանքի ցանկացած փոփոխության հաստատման համար։ Պաշտոնական հայտարարության մեջ գործակալությունը նշել է. «Արձանը տեղադրվել է առանց թույլտվության և խաթարում է ամրոցի ռազմական կառուցվածքը՝ լինելով տարածքի համար օտար տարր»։

Քննադատները ողջունել են այն հեռացնելու որոշումը։ Գոտֆրեդսենը հավելել է. «Ուրախալի է, որ շատերը արձանը համարում են անպարկեշտ, ոչ պոետիկ և անցանկալի, քանի որ մենք արդեն իսկ գերծանրաբեռնված ենք հանրային տարածքում մարմինների չափազանց շատ պատկերներով»։

Քանդակի սեփականատերը պատասխանատու է դրա հեռացման համար, բայց ճշգրիտ սեփականատերը մնում է անհայտ։ Քանդակի պատվիրատուն՝ ձեռնարկատեր Պիտեր Բեխը, պաշտպանել է այն՝ ասելով, որ կրծքերի համամասնությունները համապատասխանում են կերպարի չափսերին և ասել է, որ չի հասկանում քննադատությունը։ Նա ակտիվորեն պայքարում է արձանը քաղաքում թողնելու համար։



© NEWS.am STYLE