Louis Vuitton-ը հրավիրում է Տոկիո՝ Էնդի Ուորհոլի «Սերիական դիմանկարներ» ցուցահանդեսին մասնակցելու համար

15:31   18 օգոստոսի, 2025

Հոկտեմբերի 2-ից սկսած՝ փոփ արվեստի և պաշտամունքային դիմանկարների սիրահարները կկարողանան տեսնել Էնդի Ուորհոլին իր ողջ փառքով։ Espace Louis Vuitton Tokyo-ն հյուրընկալում է «Էնդի Ուորհոլ. Սերիական դիմանկարներ՝ հավաքածուից ընտրված աշխատանքներ» ցուցահանդեսը, որը Փարիզից բերվել է Fondation Louis Vuitton Hors-les-murs ծրագրի շրջանակներում, հաղորդում է Hypebeast-ը։

Ցուցահանդեսը ցույց է տալիս, թե ինչպես է Ուորհոլը փոխել դիմանկարային արվեստի խաղի կանոնները. 1977-1986 թվականների պաշտամունքային ինքնանկարները համադրվում են ավելի քիչ հայտնի աշխատանքների հետ՝ բացահայտելով նրա սերը կրկնության, հայտնիության և ինքնահետազոտության նկատմամբ։

Այցելուները կունենան եզակի հնարավորություն տեսնելու Ուորհոլի սերիական մոտեցումը գործողության մեջ, որտեղ յուրաքանչյուր աշխատանք, կարծես, շշնջում է. «Դիմանկարը պարզապես դեմք չէ, այլ պատմություն է, որը կրկնվում է անընդհատ»։

Ցուցահանդեսը բաց է մինչև 2026 թվականի փետրվարի 15-ը, մուտքն անվճար է։



© NEWS.am STYLE