17:43 23 օգոստոսի, 2025Սուրեն Պողոսյանը պատրաստվում է «Նոր ալիքում» իր երկրորդ մրցութային ելույթին: Այն տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 23-ին, Կազանում: Մինչ այդ, երգիչը ժամանակ է գտել և NEWS.am STYLE-ին պատմել է երեկ կայացած առաջին մրցութային օրվա, իր կատարման և միավորների մասին:
Առաջին մրցութային օրը Սուրենը կատարել է Ալեքսեյ Չումակովի երգացանկից «Девушка, девочка, женщина» երգը: Հայաստանի ներկայացուցիչը հնարավոր 90 միավորից ստացել է 72-ը:
«Առաջին ելույթից տպավորություններս շատ լավն են, իհարկե, հուզմունքն իրենն արեց ու 100 տոկոսանոց ելույթ չկարողացա ունենալ, բայց բավականին իմ սրտով էր ամեն ինչ»,-իր տպավորություններով կիսվում է Սուրենը:

«Առաջին մրցութային օրվա սահմանված 90 միավորից 72 եմ ստացել, բայց երկրորդ և երրորդ մրցութային օրերը դեռևս առջևում են և մրցաշարային աղյուսակը կարող է փոխվել»,-վստահեցնում է երգիչը:
Սուրենի խոսքով՝ առաջին օրվա ռոմանտիկ տրամադրությանն այսօր կփոխարինեն աշխույժ ռիթմերը: Երգիչը կկատարի իր երգացանկի ստեղծագործություններից:
«Այսօրվա ելույթն ավելի դժվար է, որովհետև եթե առաջին օրվանը հայտնի երգ էր, որը մարդիկ գիտեին, այսօրվա ու վաղվա երգերը իմ երգացանկից են, բայց հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, կերպարային առումով այսօր ավելի ակտիվ ու պարային ոճում եմ լինելու:
Փորձերը շատ լավ են ընթանում, լիարժեք պատրաստվում ենք և հուսով եմ՝ այսօր հուզմունքն ինձ ավելի քիչ կխանգարի»,-նշեց Հայաստանի ներկայացուցիչը:
Սյունե Առաքելյան