Ջուլիա Ռոբերթսի 37-ամյա քրոջը լոգարանում մահացած են գտել

11:03   11 փետրվարի, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի 37-ամյա խորթ քրոջը`Նենսի Մոթսին, մահացած են գտել Լոս Անջելեսի իր տան լոգարանում. հաղորդում է New York Daily News-ը:

Դին գտել է նրա ընկերը: Տարածքում հայտնաբերվել է դեղորայք, որոնք գնված են եղել ինչպես բժշկի ցուցումներով, այնպես էլ առանց դրա: Սա թույլ է տալիս ենթադրել, որ Մոթսն ինքնասպան է եղել: Մահվան վերջնական պատճառը հայտնի կդառնա դիահերձումից հետո: Մոթսի մահվան լուրը նրա ընտանիքը հաստատել է միայն հաջորդ օրը:

«Ցավով տեղեկացնում ենք, որ Նենսի Մոթսը մահացել է դեղերի չարաշահման հետեւանքով»,- ասվում է նրա հարազատների հաղորդագրության մեջ: Անցյալ տարի Նենսի Մոթսը անկեղծ հարցազրույց էր տվել, որտեղ պատմել էր այն մասին, թե ինչպես է Ջուլիա Ռոբերթս իր եղբոր` Էրիկի հետ, ծաղրել իրեն ավելորդ քաշի համար:

2010 թվականին, հայտնի քրոջ հասցեին արած հերթական չարախոսությունից հետո, Մոթսը վիրահատության էր դիմել ստամոքսը փոքրացնելու համար:

Արդյունքում` նրան հաջողվել էր նիհարել մինչեւ 70 կգ, ինչից հետո նրա կյանքն «ամբողջությամբ փոխվել էր »: Մասնավորապես, Ջուլիա Ռոբերթսն օգնել էր նրան աշխատանքի տեղավորման հարցում: «Սա միայն սկիզբն է: Միանգամից չենք կարող ամեն ինչ շտկել միայն այն պատճառով, որ ես նիհարել են »,- ասել է Մոթսը հարցազրույցներից մեկում:

Ի դեպ, այս տարվա մայիսին նա պատրաստվում էր ամուսնանալ:



© NEWS.am STYLE