20:10 11 սեպտեմբերի, 2025«Safe YOU» հարթակի հիմնադիր Մարիամ Թորոսյանը Քարթիերի Կանանց Նախաձեռնության (Cartier Women’s Initiative) կողմից պարգևատրվել է գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի գործում նշանակալի ավանդի համար։
Այս ճանաչումը կարևորագույն նվաճում է, որը վերաիմաստավորում է Քարթիերի հետ անցած ուղին, որը սկիզբ է առել դեռևս 2023 թվականին, երբ Մարիամ Թորոսյանը Փարիզում ճանաչվեց Քարթիերի կանանց նախաձեռնության Եվրոպայի տարածաշրջանային մրցանակակիր։

Մարիամն ի սկզբանե արժանացել էր տարածաշրջանային մրցանակին՝ որպես համարձակ և ազդեցիկ ձեռնարկատեր, մինչդեռ նոր մրցանակը (Impact Award) նշանավորում է այն տպավորիչ մասշտաբները և երկարաժամկետ փոփոխությունները, որոնց Մարիամը և Safe YOU-ն հասել են այդ ժամանակից ի վեր։

Safe YOU-ի միջոցով Մարիամը և նրա թիմը ստեղծել են արհեստական բանականության լուծումներով հագեցած բջջային հավելված և հարթակ, որը կանանց և աղջիկներին տրամադրում է անտանգային աջակցություն, ապահով կերպով հաղորդում ներկայացնելու հնարավորություն և արդարադատության հասանելիություն: Հարթակը գործում է թե՛ անհատական, թե՛ համակարգային մակարդակներում՝ ապահովելով կենսական նշանակության օժանդակություն վտանգի մեջ հայտնված կանանց համար, միաժամանակ օգնելով հաստատություններին, կառավարություններին և ՀԿ-ներին ամրապնդել և ընդլայնել գենդերային բռնության կանխարգելման և արձագանքման մեխանիզմները:

Այսօր Safe YOU-ն գործում է վեց երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Իրաքում, Ռումինիայում, Լեհաստանում և ԱՄՆ-ում` Նյու Մեքսիկո նահանգում: Մինչ օրս այն հասել է ավելի քան 1 միլիոն կանանց, անմիջականորեն ազդել 52,000 կնոջ վրա: Այս հավելվածի շնորհիվ առ այսօր 300 կյանք է փրկվել: Այս նվաճումները արտացոլում են հարթակի դերը՝ թե՛ որպես տեխնոլոգիական լուծում, թե՛ որպես անվտանգության, հավասարության ու զորեղացման շարժում:
«Քարթիեր» միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Սիրիլ Վինիերոնը, շնորհավորելով Մարիամ Թորոսյանին, իր խոսքում ընդգծեց․

Մենք հպարտ ենք աջակցել Մարիամին և Safe YOU-ին, որոնց առաքելությունը լիովին համապատասխանում է Քարթիերի տեսլականին, այն է՝ նորարարության և ձեռնարկատիրության կիրառում՝ աշխարհն ավելի արդար և ներառական դարձնելու նպատակով։

Մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ (Forbes Australia, Marie Claire Australia, L’Officiel USA և CNA Luxury) անդրադարձել են 2025 թվականի Քարթիերի կանանց նախաձեռնության մրցանակակիրներին։ Նրանց պատմություններն ընդգծում են կին առաջնորդների նորարարական նախաձեռնությունների կարևորությունը և նրանց աշխատանքի գլոբալ ազդեցությունը։
