Ինչո՞ւ են հայերը նախընտրում հանգիստն անցկացնել արտասահմանում

11:33   27 սեպտեմբերի, 2012

Տարվա ընթացքում մենք ոչ միայն փող ենք վաստակում, այլեւ` ստթես, լարվածություն ու գերհոգնածություն: Գարնան մոտենալուն պես`զորացրվող զինվորի նման, սկսում ենք հաշվել օրերը մինչեւ երկար սպասված հանգիստը: Եվ ահա եկել է լիցքաթափվելու պահը, բայց, թարսի պես, վաստակած հանգստի սուրբ ժամանակն իր հետ բերում է ավելի շատ խնդիրներ, քան ողջ աշխատանքային տարին:

Հիշելով Դիլիջանի կանաչ բնությունը, Ջերմուկի հանգստյան տները, առողջարանային Ծաղկաձորը կամ Հայաստանի մարգարիտ Սեւանը, բայց եւ այնպես ընտրում ենք հանգիստը արտասահմանում: Մի՞թե Դիլիջանում խոհանոցում սովորական ծորակից սովորական ջուր չի հոսում: Պարզվեց, որ խնդիրը բոլորովին էլ դա չէ: Բազմաթիվ հայերի կարծիքով, ավելի մատչելի է թանկագին ազատ ամիսը անցկացնել Մարսում, քան` ծախսել ընտանիքի ողջ խնայողությունները Սեւանի լազուրե ափին թավալվելով կամ Ծաղկաձորում տնակ վարձելով: Թեեւ «իսկ որքա՞ն դա կարժենա» հարցը  ամենասարսափելին չէ: «Հայերին շշմեցնում է զբոսարջության ոլորտում սպասարկման մշակույթի ոչ այնքան բարձր որակը»,-վստահեցնում է ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ Արամայիս Ավագյանը:
Բնականաբար...

Մենք բոլորս ցանկանում ենք հանգստանալ ու չնկատել սպասարկող անձնակազմի դժգոհ դեմքերը: Մենք չենք ցանկանում գիշերը լսել մեզ պարտադրած երաժշտությունը: Այդ բարիքը մենք ըմբոշխնում ենք ողջ տարիվա ընթացքում: Այնպես որ հանգիստը հայրենիքում անցկացնելու հարցն անմիջապես դուրս է գալիս օրակարգից:
Եվ այսպես, ուշադրությունը կենտրոնացնում ենք հետեւյալ հարցերի վրա. «Ի՞նչն է լավ `ծովափը , թե` թանգարանը: Ո՞րտեղ է էժան` Թուրքիայում , թե`Եվրոպայում: Ե՞րբ ենք պատրաստվում Վրաստան մեկնել»: Մեր հարեւաններն ու քաղաքական բարեկամները մեզ տալիս են լավ հնարավորություն սահմանը հատել, տեղավորվել հյուրանոցում եւ անցկացնել արժանի հանգիստ: Իսկ մենք՝ հանգստի հայրենասերներս, արեւային լոգանք ընդունելով վրացական կիզիչ արեւի տակ, կշարունակենք հուսալ, որ կգա օրը ու Հայաստանում զբոսաշրջության մշակույթը կհասնի համապատասխան  մակարդակի։



© NEWS.am STYLE