17:10 16 սեպտեմբերի, 2025Առաջին ալիքն ընտրում է «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակին: Ավելի վաղ հայտարարված մրցույթին 80-ից ավելի հայտ է ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից: Մրցույթի երկրորդ փուլի համար Հանրային հեռուստաընկերությունը և մասնագիտական ժյուրին առանձնացրել են լավագույն 14-ին, լսել նրանց կենդանի կատարումներն ու հարցազրույց անցկացրել: Լավագույնների ցանկում է նաև Վլադ Բաղդասարյանը, որի մասնակցությամբ «Իմ երազանքների գրքում» («In the Book of my Dreams») աշխատանքը, որը ստեղծվել է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության կողմից, Չինաստանի Կունմին քաղաքում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» լրատվամիջոցների համագործակցության 2025 թվականի ֆորումի շրջանակներում արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Լավագույն տեսանյութ» անվանակարգում (Grand Prize – Best Video)։
Վլադը սովորում է Երգի Պետական Թատրոնում՝ 2-րդ կուրսում, նաև՝ Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում՝ 6-րդ դասարանում։ Երգում է Մանուել Օհանյանի ղեկավարած երգչախմբում։ Մասնակցել է տարբեր նախագծերի և մրցույթների, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթ-փառատոնին, ունի իր հեղինակած երաժշտությունը։
Բացի երաժշտական գործունեությունից փոքրիկ երգիչը NEWS.am կայքի համար երբեմն վարում է մանկական լրատվական հաղորդում։
2021 թ-ից՝ Մալենայի եվրատեսիլյան հաղթանակից հետո, Վլադն ունի մեծ երազանք՝ մասնակցել «Մանկական Եվրատեսիլին» եւ ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում։
«Ինձ համար մեծ պատիվ է ընդգրկվել 14 լավագույնի մեջ, որը համարում եմ արդեն փոքրիկ հաղթանակ իմ մանկական երազանքի ճանապարհին։
Անհամբերությամբ սպասում եմ Հանրային Հեռուստաընկերության վերջնական հայտարարությանը, թե մեզանից ով է ներկայացնելու Հայաստանը Վրաստանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլում»։
Սիրով պատրաստ եմ այդ մեծ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա, առավելագունը անել՝ մեր երկիրը պատվով ներկայացնելու համար, եթե հայաստանյան պատվիրակը լինեմ ես»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց պատանի կատարողը։