Սերգեյ Սմբատյանը ծննդյան օրը կլինի բեմում. դիրիժորն այսօր նշում է 38-ամյակը

16:35   23 սեպտեմբերի, 2025

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, նշում է ծննդյան 38-ամյակը։ Անվանի դիրիժորը աշխատում է, նույնիսկ, հատուկ օրերին։ Այսօր էլ մեծ խանդավառությամբ սպասում է իր հանդիսատեսի հետ հերթական հանդիպմանը։ 

Տարեդարձի, երազանքների ու ապագա ծրագրերի մասին Սերգեյ Սմբատյանը կիսվել է NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում։ 

bca6eddf-abca-4799-8dbe-90390585fc6c.jpeg (134 KB)

Պարոն Սմբատյան, շնորհավորում ենք Ձեզ ծննդյան առթիվ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ծննդյան օրերը սովորաբար, և ինչպե՞ս եք անցկացնելու այսօր։ 

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Այս օրը սովորաբար աշխատանքային է ինձ համար՝ համերգներ, փորձեր, հյուրախաղեր։ Այսօր էլ բացառություն չէ. երեկ «Երևան» երիտասարդական նվագախմբի մեր շնորհալի երիտասարդ երաժիշտները հանդես եկան Թբիլիսիում՝ Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված տոնական համերգով։ Հիմա էլ շտապում եմ Երևան, քանի որ երեկոյան 19:30-ին ղեկավարելու եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, այնպես որ կհանդիպենք «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ 

Առհասարակ, շատերը ծննդյան օրերին մտովի ամփոփում են անցած տարիները, ձեռքբերումները․․․ Եթե հետհայացք գցեք Ձեր ճանապարհին, որոնք են այն կետերը, որոնք համարում եք Ձեր գլխավոր ձեռքբերումները։

Գլխավոր ձեռքբերումները անցած տարում տեղի ունեցած համերգներն են ինձ համար, քանի որ հենց դրանցով է ինձ համար տարին հաջողված համարվում։ Եթե առավել գլոբալ, ապա գլխավոր ձեռքբերումը հենց մեր նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյա հարուստ կենսագրությունն է։ Սովորաբար մեր նոր համերգաշրջանները սկսում են սեպտեմբերին, հետևաբար ծննդյանս օրը ինչ-որ չափով նաև նախորդ համերգաշրջանի ամփոփման օր է ինձ համար։  

550487349_1360060512142601_5628458885437238685_n.jpg (366 KB)

Երազանքներ, սովորոբար, պահո՞ւմ եք։ Ո՞րն է Ձեր մեծ երազանքը, որն առաջիկայում պատրաստվում եք իրականացնել։

Սովորաբար, երազանքների մասին չեմ սիրում խոսել, բայց դրանք մեծապես կապված են մեր հոբելյանական համերգաշրջանի նոր և յուրօրինակ նախագծերի հետ։ Իսկապես, նախատեսել են ծրագրեր ու նախագծեր, որոնք ինձ համար երազանք են եղել, հուսով եմ՝ դրանք կկարողանանք իրականություն դարձնել ու ներկայացնել մեր սիրելի հանդիսատեսին։ 

Կպատմե՞ք աշխատանքային ծրագրերի մասին։ Ինչո՞վ է հագեցած լինելու տարվա մնացած մասը։ 

Ինչպես արդեն նշեցի, մեկնարկել է Սիմֆոնիկի 20-րդ համերգաշրջանը, ունենք, իսկապես, հետաքրքիր ու բացառիկ նախագծեր, ձայնագրություններ, շատ լավ մենակատարների ենք հրավիրել Հայաստան, նոյեմբեր-դեկտեմբերին մեծ շրջագայության ենք մեկնելու Գերմանիա, որտեղ հեղինակավոր համերգասրահների հրավերով 15 համերգ ենք ունենալու անվանի արտիստների հետ՝ ներկայացնելով հայ կատարողական և կոմպոզիտորական արվեստն ու դասական երաժշտության գլուխգործոցները։ Մինչև այդ՝ հոկտեմբերի 10-ին էլ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացնելու ենք աշխարհահռչակ կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի կինոերաժշտությունը, սա ևս բացառիկ նախագիծ է։ Եվ քանի որ ղեկավարում եմ նվագախմբեր նաև Հայաստանի դուրս, այդ առումով ևս հետաքրքիր համերգներ ու նախագծեր ունենք, այնպես որ, որպես արտիստ, շատ հագեցած տարի է սպասվում։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE