16:04 29 սեպտեմբերի, 2025Երևանն ունի նոր գեղեցկուհի․ «Միսս Երևան» 2025 գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել 26-ամյա դերասանուհի և մոդել Անուշ Քալաշյանը։
Ազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ շոուն կայացավ 2025թ-ի սեպտեմբերի 26-ին: Երևանի գլխավոր թագի համար պայքարում էին 17-ից մինչև 27 տարեկան 15 գեղեցկուհիներ։

Այս տարի առաջին անգամ մրցույթին հնարավորություն ունեին մասնակցելու ոչ միայն մայրաքաղաքի գեղեցկուհիները, այլև հայուհիներ ամբողջ Հայաստանից։ Պատճառն այն է, որ մրցույթի կազմակերպիչ «Միսս Երևան» Փրոդաքշնը ձեռք է բերել միջազգային հեղինակավոր «Miss Earth» գեղեցկության մրցույթին մասնակցելու արտոնագիր, և «Միսս Երևան» 2025 մրցույթի հաղթողը այս տարի առաջին անգամ կներկայացնի Հայաստանը «Miss Earth» գեղեցկության մրցույթում, որն անցկացվելու է Ֆիլիպիններում։
«Միսս Երևան» Փրոդաքշնն ուրախությամբ հայտնում է, որ մեր նոր գեղեցկուհին՝ Անուշը, մոտ մեկ ամսից մեկնելու է Ֆիլիպիններ՝ ներկայացնելու մեր երկիրն աշխարհի ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթներից մեկում՝ «Miss Earth» 2025-ում։ Այն համարվում է աշխարհի թոփ 4 մրցույթներից մեկը և ամբողջությամբ կրում է բնապահպանական խորագիր։ Այն սոսկ գեղեցկության մրցույթ չէ, և ունի համամարդկային հանձնառություն՝ բարձրաձայնելու կլիմայական փոփոխություններն ու դրանց դեմ պայքարելու կարևորությունը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց «Միսս Երևան» Փրոդաքշնի տնօրեն Արմինե Մուրադյանը։