21:18 1 հոկտեմբերի, 2025Լեգենդար ճապոնացի նկարիչ Տակաշի Մուրակամին դարձել է LVMH-ին պատկանող Dom Pérignon շամպայնի տան նորագույն գործընկերը։
Այս անգամ Մուրակամին իր ստորագրությամբ ժպտացող ծաղիկներով զարդարել է սահմանափակ քանակությամբ թողարկված երկու շշեր՝ Dom Pérignon Vintage 2015 և Dom Pérignon Rosé Vintage 2010, հաղորդում է WWD-ն։
Հատկապես ուշագրավ է «Uber» բացառիկ թողարկումը՝ եզակի, պատվերով պատրաստված ստեղծագործություն։ Ձեռքով քանդակված և ներկված շիշը վերածվում է կատարյալ գնդի, որը բացվում է՝ բացահայտելով «գաղտնի այգին»։
«Dom Pérignon-ի հետ իմ համագործակցության միջոցով ես ցանկանում էի արտահայտել ժամանակի ճանապարհորդության մի ձև», - բացատրում է Մուրակամին։ Նա հույս ունի, որ ապագա սերունդները, տեսնելով այս արվեստի գործը, կկարողանան վերաիմաստավորել 2025 թվականը իրենց երևակայության մեջ։
Ըստ ապրանքանիշի գլխավոր համտեսող Վինսենթ Շապերոնի, համագործակցության նպատակն է ստեղծել երկխոսություն ավանդույթի և գյուտի միջև։ «Մենք ժառանգությունը դիտարկում ենք ոչ թե որպես ֆիքսված արժեք, այլ որպես ժամանակի միջով փոխանցում», - նշել է նա։
Բրենդը նախկինում համագործակցել է Էնդի Ուորհոլի, Ժան-Միշել Բասկիայի, Կարլ Լագերֆելդի, Ջեֆ Քունսի, Դեյվիդ Լինչի և Լենի Կրավիցի հետ։ Մուրակամիի հետ համագործակցությունը Dom Pérignon-ի նոր՝ «Ստեղծումը հավերժական ճանապարհորդություն է» արշավի մի մասն է, որին մասնակցում են նաև Թիլդա Սվինտոնը, Զոի Կրավիցը, Անդերսոն Պակը, Իգի Փոփը, շվեդ պարող Ալեքսանդր Էկմանը և հյուսիսիռլանդացի խոհարար Քլեր Սմիթը։