15:19 6 հոկտեմբերի, 2025Balenciaga-ի գարուն/ամառ 2026 ցուցադրության ժամանակ Պիերպաոլո Պիչոլին ցուցադրեց, թե որքան հմտորեն կարելի է համադրել տան պատմական ժառանգությունը ժամանակակից միտումների հետ: Նրա դեբյուտային հավաքածուն հարգանքի տուրք էր Քրիստոբալ Balenciaga-ին՝ նրբորեն ակնարկելով Նիկոլա Գեսկիերի և Դեմնայի աշխատանքներին, որոնք այժմ Louis Vuitton-ի և Gucci-ի գլխավոր դիզայներներն են:
«Ես չեմ ուզում ժխտել այն, ինչ եղել է ինձանից առաջ»,-խոստովանել է Պիչոլին ցուցադրությունից հետո, որի հյուրերի թվում էին Իզաբել Հյուպերը, Էնն Հեթուեյը, FKA Twigs-ը և Մեգան Մարքլը:

Ցուցադրությունը բացվեց լայն, սև անթև զգեստով, որը լրացված էր մեծ չափսի արևային ակնոցներով՝ համարձակ հարգանքի տուրք 1957 թվականին, երբ Balenciaga-ն առաջին անգամ ազատագրեց կանանց կոշտ ուրվագծերից: Այնուհետև Պիչոլին վարպետորեն խաղաց ձևի և նյութերի հետ՝ օդային փուչիկավոր զգեստներ, սև կաշվե կիսաշրջազգեստներ, պատռված փողոցային շորտեր, լայն ջինսեր և բարձր գլխարկներ, որոնք հղումներ էին ապրանքանիշի նախորդ ստեղծագործական ղեկավարների հիմնական հավաքածուներին:

Հատկապես ուշագրավ էին նուրբ, բայց դրամատիկ աքսեսուարները, այդ թվում՝ Le City պայուսակի մինի և մեծ տարբերակները, որոնք հիշեցնում էին Balenciaga-ի առաջին «IT» աքսեսուարները։

Չնայած ավանդույթների նկատմամբ իր հարգանքին՝ Պիչոլին տեղ էր թողել իր սեփական ձեռագրի համար՝ ռոմանտիկ ուրվագծեր, շքեղ գունային պալիտրա և ժամանակակից, սեքսուալ շեշտադրումներ։ Կարճ վերնաշապիկները և բաց իրանով կաշվե բլուզները արտացոլում են ներկայիս՝ «սեքսուալը վերադարձել է» միտումը։

«Այս զգեստը շատ կարևոր և խորհրդանշական է, քանի որ այն կանանց ազատագրել է սահմանափակումներից»,-նշել է Պիչոլին կուլիսներում՝ քննարկելով հավաքածուի ոգեշնչման աղբյուրը։

Հավաքածուն կառուցված է գործվածքների նոր մեկնաբանությունների վրա, որոնք Ballenciaga-ի դասական, ծավալուն ձևերին հաղորդում են թեթևություն և ժամանակակից դինամիզմ։