Աշխարհի՝ 2025 թվականի լավագույն բարը. իտալական մթնոլորտ Հոնկոնգի սրտում

16:20   10 հոկտեմբերի, 2025

Հոնկոնգի եռուն կենտրոնական թաղամասում գտնվող իտալական կոկտեյլ բար Leone-ն գլխավորել է «Աշխարհի 50 լավագույն բարեր 2025» հեղինակավոր ցանկը՝ դառնալով մրցույթի պատմության մեջ առաջին ասիական հաստատությունը, որը զբաղեցրել է առաջին տեղը։

Բացվելով երեք տարուց էլ քիչ ժամանակ առաջ՝ Leone-ն երկու տարի անընդմեջ ճանաչվել է Ասիայի լավագույն բարը։ Անցյալ տարի այն զբաղեցրել է երկրորդ տեղը համաշխարհային վարկանիշային աղյուսակում։ Բարի հիմնադիրը՝ հռոմեացի բարմեն Լորենցո Անտինորին, ոգեշնչվել է հռոմեական փոքր բարերի մթնոլորտով և կենտրոնացել է կոկտեյլ պոպոլարիի՝ «մարդկանց համար կոկտեյլների» հայեցակարգի վրա։ Կոկտեյլների ցանկը պարբերաբար թարմացվում և հրապարակվում է որպես Google Doc՝ ամբողջական բաղադրատոմսերով, ապահովելով, որ յուրաքանչյուր ըմպելիք հասանելի լինի հյուրերի համար։

Անտինորին, որն աշխատել է Եվրոպայի լավագույն հյուրանոցային բարերում, խուսափել է բարդ ժամանակակից խառնուրդներից՝ նախընտրելով պարզ և անկեղծ կոկտեյլներ, որոնք ցուցադրում են որակյալ բաղադրիչների համը։ Leone-ն մատուցում է Yuzu Negroni և Olive Oil Sour, ինչպես նաև առաջարկում է թեթև նախուտեստներ, ինչպիսիք են ֆոկաչչան մորտադելայով  և ապխտած ձիթապտուղներով՝ ըմպելիքներին ուղեկցելու համար՝ ստեղծելով իսկական հռոմեական մթնոլորտ Հոնկոնգի սրտում։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Մեխիկոյի Handshake Speakeasy-ն, որը նախորդ տարի զբաղեցրել էր առաջին տեղը և պահպանել Հյուսիսային Ամերիկայի լավագույն բարերի կոչումը,։ Բարսելոնայի Sips-ը և Paradiso-ն զբաղեցրին երրորդ և չորրորդ տեղերը, իսկ Լոնդոնի Tayēr + Elementary-ն և Connaught Bar-ը համապատասխանաբար զբաղեցրել են հինգերորդ և վեցերորդ տեղերը։

Այլ անվանակարգերի շարքում Մեխիկոյի Mauro-ն անվանվել է «դիտարժան վայր», Նյու Յորքի նոր՝ Sip & Guzzle բարը հաղթել է «Լավագույն նոր բացում» անվանակարգում, Ավստրալիայի Tigra + Disco Pantera-ն հաղթել է «Լավագույն դիզայն» մրցանակը, իսկ Պենանգի Backdoor Bodega-ն՝ «Լավագույն կոկտեյլների ցանկում»։ Հունական Baba au Rum-ը անվանվել է «Ցուցակի լեգենդ»։

Քվեարկությանը մասնակցում են համաշխարհային բարային արդյունաբերության ավելի քան 800 փորձագետներ՝ բարմեններ, խորհրդատուներ, լրագրողներ և կոկտեյլների մասնագետներ։



© NEWS.am STYLE