Ինձ պետք է մեկը, ով մաշկն էլ կհանի ինձ համար. Պավել Բրյունը և նրա երևանյան կարմայի հանգույցը

11:27   12 հոկտեմբերի, 2025

Մասշտաբային մարդ՝ անհավանական էներգիայով, աչքերի դիվային փայլով, Սալվադոր Դալիի բեղերով և իր արհեստի՝ կրկեսի նկատմամբ անվերջ, նույնիսկ մոլուցքային սիրով։ «Էթերնիա» ներկայացման ռեժիսոր Պավել Բրունին հանդիպեցի նոր «Տաշիր Արենայում»՝ փորձի ժամանակ։ 

Նրա լայնածավալ պրոֆեսիոնալ ​​և ստեղծագործական կենսագրությունը ներառում է աշխարհահռչակ Cirque du Soleil-ում և Լաս Վեգասում գեղարվեստական ​​ղեկավարի աշխատանքը, ինչպես նաև համագործակցությունները այնպիսի միջազգային աստղերի հետ, ինչպիսին է Սելին Դիոնը։ Նա աշխատել է կրկեսի լեգենդներ Գի Լալիբերտեի (Cirque du Soleil-ի հիմնադիր և գործադիր տնօրեն) և Ֆրանկո Դրագոնեի (Cirque du Soleil-ի գլխավոր տնօրեն) հետ։

«Ինձ պետք է մեկը, ով մաշկն էլ կհանի ինձ համար»,- խոսելով արտիստների մասին՝ ասում է Պավելը։ Բառի լավ իմաստով սադրիչ լինելով (դրան կանդրադառնանք ավելի ուշ), նա կրկեսի մասին խոսում է գրեթե մոլեռանդ կրքով։ «Ինձ համար թատրոնը, կրկեսը տաճար են։ Եվ մենք այստեղ ոչ միայն ծառայում ենք, այլև զոհաբերում ենք մեզ»։

брюн1.jpg (40 KB)

Երևանը և կարմայի հանգույցը

Պատմելով, թե ինչպես ճակատագիրն իրեն բերեց Երևան, Պավելը նշում է, որ շատ խորամանկ կարմիկ հանգույց է գործում։ «...Երբ ես առաջին անգամ գնացի կրկես, մոտավորապես 1963 թվականն էր, հայրս ինձ տարավ... Առաջին կենդանի կրկեսը, որը ես տեսա Մոսկվայում, հայկական կրկես էր՝ հայկական թատերախումբ. Լեոնիդ Ենգիբարովը՝ որպես ծաղրածու, Ստեփան Իսահակյանը՝ իր էկզոտիկ կենդանիներով, Զավեն Մարտիրոսյանը՝ որպես ռինգ-ղեկավար և Ենգիբարովի զուգընկերը։ Ես այդ ժամանակ վեց կամ յոթ տարեկան էի։ Եվ դա այնպես է դաջվել հիշողությանս մեջ, որ նույնիսկ հիմա հստակ հիշում եմ դիտածս որոշ տեսարաններ... Չեմ կարծում, թե 1963 թվականին ես գիտեի, թե ովքեր են հայերը, Հայաստանը, Կիլիկիան և այլն, բայց փաստը մնում է փաստ։

Հետագայում, արդեն չափահաս ժամանակ, երբ սկսեցի հյուրախաղերով շրջագայել, հաճախ էի այցելում Երևան և միշտ շատ եմ սիրել այս քաղաքը. այստեղ շատ ընկերներ ունեի։ Ապա, 1988 թվականին, ինձ հրավիրեցին Սունդուկյանի անվան թատրոն՝ մասնակցելու Անատոլի Ռիբակովի «Արբատի երեխաները» պիեսի ներկայացմանը։ Դա շատ կարևոր և շատ հետաքրքիր էր ինձ համար։

Այսպիսով, Երևանի և Հայաստանի հետ պատմությունը շարունակվեց։ Ապա, ավելի ուշ, մոտ երկուս ու կես տարի առաջ, Վյաչեսլավ Կոլցովը՝ «Տաշիր Արենայի» գլխավոր պրոդյուսերը, մոտեցավ ինձ և պատմեց նորակառույց կրկեսում ժամանակակից ներկայացում բեմադրելու գաղափարի մասին։ Արթնացան մանկությանս ու պատանեկությանս հիշողությունները, Սունդուկյան թատրոնի հետ ունեցած փորձս։ Ու ես ասացի՝ դե տեսնենք՝ ինչպիսին է շենքը և հանդիպենք ղեկավարներին։

брюн2.jpg (51 KB)

2023 թվականի ամռանը ես թռա այստեղ և հանդիպեցի Տաթևիկ Կարապետյանի հետ, ու մենք անմիջապես երկխոսություն սկսեցինք։ Այնպես չէր, որ նա ինձ ասաց, թե ինչ է ուզում, իսկ ես՝ որ համաձայն եմ։ Ես պարզապես հասկացա, որ մենք նույն ալիքի վրա ենք, որը ջերմացնում է ինձ, և որ մենք ընդհանուր ռեզոնանսի մեջ ենք։ Որքան հասկանում եմ՝ մյուս կողմից էլ նույնն էր... Վերջում ես առաջարկեցի երեք սցենար։ Երեք շատ տարբեր հայեցակարգեր։ Որովհետև, երբ աշխատում ես լուրջ հաճախորդի հետ, երբեք չպետք է նրան միայն մեկ ընտրություն առաջարկես։

Հետո էլ, չեմ կարող ասել, թե այդքան ծանոթ էի հայկական կրկեսային հանրությանը, իսկ էդպիսին կա։ Որովհետև, որքան հասկանում եմ, կրկեսի երկարատև փակման պատմությունը լայն հասարակական բողոք առաջացրեց... Եվ ընտրությունը կատարվեց այն հայեցակարգով, որը մենք հիմա իրականացնում ենք։

Ես չեմ ուզում, որ ներկայացումը միակողմանի, խրատական պատմություն դառնա

Մի մանկական երգ կա. «Նավակիդ անունն ինչ դնես, էդպես էլ կլողա»։ Վերնագիրն արտահայտում է բովանդակությունը։ Երբ ես աշխատում եմ ուսանողների հետ, նրանց միշտ ասում եմ, որ սկսեն պիեսի վերնագրի վերաբերյալ շատ խոր խորհրդածությամբ։ Անկախ նրանից, թե պիեսը կոչվում է «Մեռած հոգիներ», թե «Խելքից պատուհաս», կամ «Երեք քույր», միշտ ունի իր ուղերձը։ Ինչ վերաբերում է «Էթերնիա» վերնագրին, այն առաջինը չէր։ Երբ մտածեցինք այս բառի մասին, արդեն ունեինք մեր ներկայացման սցենարային կառուցվածքը. այն բաղկացած է չորս նովելից՝ հերոսի արկածները, որը նավարկում է նյութական բնության չորս հիմնական տարրով՝ երկիր, ջուր, օդ և կրակ, և հինգերորդ տարրով՝ եթեր, կամ հունարեն «aithír»։ Շատերը Eternia-ն կապում են «հավերժություն» բառի հետ, բայց նման բան չկա, թեև կարելի է այդպես էլ ասել...
Կա այս անորսալի հինգերորդ տարրը, որի մասին մենք բոլորս գիտենք, առանց որի ոչինչ չի ամրապնդվում, բայց որը չես կարող ո՛չ շոշափել, ո՛չ էլ որևէ այլ բան։ Դա մեր հավերժական հետապնդումն է, մեր հավերժական զգացողությունը։ Որոշ առումով, սա է մեր անվան ստուգաբանությունը, որը սերտորեն կապված է այս հինգերորդ տարրի հետ։

брюн3.jpg (52 KB)

Աշխարհում, որը մենք կառուցում ենք, ցանկություն չունենք առաջարկելու ուղղակի պատասխաններ, վերջնական ախտորոշումներ, դատավճիռներ և այլն: Մեր նպատակն է՝ դիտողի երևակայությունը մղել այս կամ այն ​​ուղղությամբ, երկխոսության մեջ մտնել նրա հետ: Ես չեմ ուզում, որ ներկայացումը դառնա բոլորի համար նախատեսված պատմություն. դրա համար կան այլ ժանրեր, վայրեր և այլ պատմողական մեթոդներ: Մենք ուզում ենք ստեղծել անմոռանալի փորձառություն. եկա այստեղ, ապրեցի այս փորձառությունը կերպարների և կատարողների հետ և դուրս եկա վերափոխված, քանի որ այդ անորսալի եթերը մնում է մեր մեջ: Եվ ես կվերադառնամ որպես հանդիսատես և  արդեն ուրիշ մարդ եմ։

- Այսինքն՝ ամեն անգամ տարբեր ընկալո՞ւմ է։ 

- Կարծում եմ՝ այո։ 

Մեր զրույցի ընթացքում Լաս Վեգասում Cirque du Soleil-ի շոուի կին հանդիսատեսի հետ կապված մի դեպք հիշեցի։ «Նա 53 անգամ եկավ, տոմս գնեց, բավականին թանկ ու ասաց ինձ. «Ես ամեն անգամ նոր բան եմ տեսնում»: Դա իրոք այն ժամանակ տպավորեց ինձ...

Մեր ներկայացման մեջ միայն մարդիկ չեն 

...Ես ոչինչ չունեմ կենդանիների մասնակցությամբ կրկեսների դեմ։ Բայց դեմ եմ դաժանությանը։ Եվ եթե մարդ դաժանորեն է վարվում փոքրիկ երեխայի հետ, որը ստիպված է օրական 12 ժամ ջութակ նվագել, նա ոչնչով չի տարբերվում կրկեսի հետնաբեմում այծ կամ արջ ծեծողից։ Ես դեմ եմ բռնությանը։ Եթե կենդանին կրկեսում դառնում է գործընկեր, և եթե նա ոչ թե նվաստացման առարկա է, այլ՝ որևէ բարձր գեղարվեստական ​​գաղափարի միջոց, ապա ինչո՞ւ ոչ։ Ես տեսել եմ նման բան։ Հայաստանում օրենք կա, ըստ որի կենդանիների մասնակցությամբ զվարճանքները չեն խրախուսվում։ Բայց լինելով սադրիչ ու խորամանկ մարդ՝ ես կասեմ, որ մեր ներկայացման մեջ միայն մարդիկ չեն։

- Այսի՞նքն։

- Այսինքն՝ բազմակետ։ Եկեք, տեսեք։

Դա սնահավատություն չէ, ծես է

Հասկանո՞ւմ եք, սնահավատությունը արատավոր բան է, կարելի է ասել՝ մեղք։ Ունայն հավատալիք, ապարդյուն հավատք. սա լավ բառ չի, չէ՞։ Բայց կրկեսում կան մի շարք կանոններ, որոնք շատերը համարում են սնահավատություն, բայց իրականում դրանք հիմնված են ճշմարտության, գործնական փորձի վրա։ Ու դրանց մեջ որոշակի ծես կա։ Օրինակ, եթե դուք գաք կրկես և նստեք պատնեշին՝ մեջքով դեպի մանեժը, ձեզ կխնդրեն տեղը փոխել և անմիջապես կհասկանան, որ դուք օտար եք։ Շատերը սա համարում են սնահավատություն, բայց իրականում կրկեսի հրապարակում միշտ ինչ-որ բան է կատարվում. մարզիչը ձիուն է վազեցնում, աճպարարը փորձ է անում և այլն, ու եթե դու նստած ես մեջքով դեպի մանեժը, շատ հնարավոր է՝ ծոծրակիդ սմբակի կամ մահակի հարված ստանաս, ինչը բնավ հաճելի չէ։

Կամ եթե ինչ-ինչ պատճառներով դուրս ես գալիս մանեժ, ասենք՝ պետք է կենտրոնական միջանցքից անցնես մի այլ միջանցք, բայց չես ուզում այդքան պտույտ գործել... Չես կարող պարզապես կտրել-անցնել մանեժը. ակրոբատիկ պտույտ արա, ցատկիր, բայց հենց այնպես մի գնա։ Սա սնահավատություն չէ. սա սրբազան վերաբերմունք է վայրի և մարդկանց նկատմամբ, քանի որ սա մի վայր է, որտեղ մարդ զոհաբերում է իրեն։ Իրականում, կրկեսը մի վայր է, որտեղ մարդիկ վտանգում են իրենց կյանքը. դա միջանցիկ բակ չէ, ուստի եթե էնտեղ ես հայտնվել, պետք է հարգանք ցուցաբերես։

брюн4.jpg (31 KB)

Ես դա սնահավատություն չէի անվանի. դա ծեսի մի մասն է։ Ինձ և իմ համախոհների համար թատրոնը, կրկեսը, վայրը, որտեղ տեղի է ունենում ներկայացումը տաճար է։ Բեմում խաղալը մի տեսակ քարոզ է, մի տեսակ զոհաբերություն։ Եվ առաջինը, որ զոհաբերում ենք, ինքներս ենք։

Պահեստայինի նստարան չկա

Մենք պահեստայինների նստարան չունենք. իմ աշխարհում դա գոյություն չունի։ Այստեղ յուրաքանչյուր մարդ անհատականություն է։ Ասում են՝ ոչ ոք անփոխարինելի չէ, բայց մեր աշխարհում բոլորն անփոխարինելի են։
Եթե դու այս գործի մեջ ես մտել որպես արտիստ, պիտի հասկանաս, որ քո կենսбрюн5.jpg (47 KB)ակերպը թելադրվում է նրանով, թե ինչ ես անում։ Այդ երկու ժամը, որ անցկացնում ես հանդիսատեսի առջև, քո կյանքի լավագույն երկու ժամն է։ Այսպիսով, քեզ հետևիր, մտածիր՝ ինչ ես ուտում, ինչպես ես քնում, ինչպես ես հոգ տանում քեզ... Օրինակ, ես ճանաչում եմ մեկին, իմ լավ ընկերն է, որն այժմ 94 տարեկան է։ Նա աշխատում է որպես ծաղրածու, հաճախ չէ, բայց աշխատում է։ Ես ճանաչել եմ մարդկանց, որոնք, օլիմպիական կարիերան ավարտելուց հետո 23-24 տարեկանում վերադառնում են և մի քանի տարվա ընթացքում փորձում ամեն ինչ նորից սկսել։ Ամբողջ հարցն այն է, թե ինչ ես ներդնում այս գործում։

Ինչ վերաբերում է պահեստայինների նստարանին. եթե ես իմանայի, որ ինչ-որ մեկը շնչում է իմ պարանոցին, սպասում, որ ես կոտրվեմ, դա հոգեբանորեն հաճելի փորձառություն չէր լինի. դա բոլորովին չի խանդավառում։
Մեր շոուի ժամանակացույցի պահով. բոլորս հասկանում ենք, որ Երևանը Լաս Վեգաս չէ։ Կյանքն այստեղ ավելի չափավոր է, և զբոսաշրջիկների հոսքն այդքան ինտենսիվ չէ, ուստի որոշեցինք սկսել շաբաթական չորս օրով՝ հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի։ Մեկ ներկայացում՝ յուրաքանչյուր հինգշաբթի և ուրբաթ, և երկու ներկայացում՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի։ Այսինքն՝ շաբաթական վեց ներկայացում։

Բրյունը նշում է, որ թատերախմբում ընդգրկված են հայ արտիստներ, ամբողջությամբ հայկական նվագախումբ, ինչպես նաև՝ արտիստներ Մոլդովայից, Իտալիայից, Մոնղոլիայից, Բելառուսից, Ռուսաստանից և Ղազախստանից: «Սա լիարժեք միջազգային թատերախումբ է: Այսօր, այս մասնատված և փխրուն աշխարհում, կարևոր է գտնել այս միասնությունը գմբեթի տակ և 13 մետրանոց օղակի ներսում, այս կաթսայում... և միասին ստեղծագործել»:

Ինձ պետք է մեկը, ով կաշվից դուրս կգա ինձ համար

Ես հաճախ մարդկանց հետ աշխատում եմ այնպես, ինչպես ձեզ պատմեցի Տաթևիկ Կարապետյանի մասին։ Նայում եմ մարդու աչքերին՝ հավատո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Ի՞մ մարդն ես, թե՞ ոչ, ես քո՞ մարդն եմ, թե՞ ոչ։ Մենք նույն ալիքի՞ վրա ենք, թե՞ ոչ։ Երբեմն սա պարզ է դառնում 30 վայրկյանում, երբեմն՝ մի տարում։ Եվ եթե քեզ ավելի երկար ժամանակ է պետք դա հասկանալու համար, դու մարդուն հրահրում ես։ 

Իմ բառապաշարում «սադրանք» բառը բացասական երանգ չունի։ Ես փորձում եմ մարդուն հասցնել այնպիսի մակարդակի, որին նա չի սպասում, և դիտարկում եմ, թե ինչպես է նա դրսևորվում՝ արդյո՞ք ինձնից պաշտպանվում է որոշակի կառուցվածքով ու կլիշեներով, կամ էլ տեսնում եմ, որ նա պատրաստ է ոչ միայն իր դիմակը, այլև մաշկը հանել իմ առջև։

брюн6.jpg (47 KB)

Ես միշտ պատմում եմ մի պատմություն. դա պատմական փաստ է։ 20-րդ դարի սկզբին, Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի ծաղկման շրջանում, Ֆեոդոր Շալյապինը հաճախ Ստանիսլավսկու մոտ դերասանական վարպետության դասեր էր առնում։ Նա սովորում էր օպերային ստուդիայում, և նման մի պահ է լինում... Ձմռանը մի անգամ նրանք դուրս են գալիս Կամերգեսկյան նրբանցքի թատրոնի շենքից։ Մոսկվայի կենտրոն, ձյուն է գալիս, գազային լամպերը բոցավառվում են, իսկական դրախտ։ Եվ դուրս են գալիս այս երկու համակրելի տղամարդիկ՝ կուղբի օձիքով վերարկուներով, ձեռքներին արծաթե բռնակներով ձեռնափայտեր։ Հանկարծ Ստանիսլավսկին Շալյապինին ասում է. «Ֆեդյա, գլուխկոնծի տուր»։ Եվ մեծն Շալյապինը, որը հայտնի էր ամբողջ Մոսկվային, գլուխկոնծի է տալիս Տվերսկայա փողոցի կենտրոնում, ապա ձնակոլոլ կանգնում ու հարցնում. «Կոստյա, բայց ինչո՞ւ»։

Այսինքն, սկզբում դա արեց, որովհետև հավատում էր, իսկ հետո հարցրեց՝ ինչու, որովհետև չէր հասկանում։
Տեսնո՞ւմ եք, ես ուզում եմ նման Շալյապիններ։ Ես, իհարկե, Ստանիսլավսկին չեմ, բայց սա ինձ համար դերասան-ռեժիսոր հարաբերությունների իդեալական մոդել է։ Փորձիր, հարցեր տուր, մի՛ մեկուսացիր, հավատա։ Ես ուզում եմ գտնել այնպիսի մարդու, որի հետ ունեմ այս փոխադարձ վստահությունը, մեկին, ով կհանի իր մաշկը ինձ համար, որովհետև ես կհանեմ իմը ​​նրա համար։ Ես մարդկանցից ավելին չեմ պահանջում, քան ինքս ինձնից եմ պահանջում։

... Ինձ համար փողոցային արտիստի փիլիսոփայությունը կատարյալ է այն իմաստով, որ յուրաքանչյուր ելույթ, յուրաքանչյուր ներկայացում կարող է լինել նրա վերջինը։ Օրինակ, եթե երաժիշտն այնպես է նվագում, որ անցորդները նրան փող չեն նետում, դա նշանակում է, որ նա այնքան էլ լավ չի նվագում կամ կանգնած է սխալ տեղում։ Նա պետք է անընդհատ աչալուրջ լինի։ Որովհետև եթե շարունակի վատ նվագել կամ կանգնել սխալ տեղում, ինչ-որ մեկը կգրավի նրա տեղը։ Եվ փողոցային արտիստի այս փիլիսոփայությունը՝ գոյատևման փիլիսոփայությունը հիմնված է այն փաստի վրա, թե՝ ես ավելի լավն եմ, սա իմ տեղն է, ինձնից լավը չկա, ամեն ելույթ կարող է լինել վերջինը՝ արտիստի կատարյալ փիլիսոփայությունն է։

Ինձ համար այսպես ավելի զվարճալի է ապրելը…

брюнзара.jpg (48 KB)

Ես իսկապես սիրում եմ փոփոխությունները։ Ժամանակ առ ժամանակ պարզապես վերափոխվելու ներքին պահանջ եմ զգում։ Մի ժամանակ շատ երկար մազեր ունեի, մի ժամանակ ականջօղով էի, մի ժամանակ մեջքիս դաջվածք արեցի։ Իսկ 15 տարի առաջ, երբ ինձ հայելու մեջ նայելով հասկացա, որ հոգնել եմ տեսածս դեմքից, թույլ տվեցի, որ բեղերս ու մորուքս աճեն։ Հետո հասկացա, որ բեղերս վերև են աճում, և պետք է կա՛մ պայքարեմ դրա դեմ, կա՛մ, ընդհակառակը, աջակցեմ, ու որոշեցի աջակցել։ Ու բեղերս փոխադարձեցին վերաբերմունք, և այդ ժամանակվանից ի վեր ես այսպիսին եմ։ Բայց հնարավոր է, որ այս ամենն անհետանա, և ինչ-որ այլ բան ի հայտ գա։ Դե, պարզապես... Ինձ համար այսպես ավելի զվարճալի է ապրելը...

Զրուցեց Լուսինե Վահրամյանը



© NEWS.am STYLE