15:17 17 հոկտեմբերի, 2025«ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային) փառատոնն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 19-25-ը։ Փառատոնի կարևոր բաղադրիչներից CoReAct համարտադրության հարթակը, որը MarAni-ի շրջանակներում է անցկացվելու, այս տարի ունի հայաստանյան անիմատորների 11 նախագիծ։
«2018-ին ստեղծված CoReAct համարտադրության հարթակով աջակցում ենք ստեղծագործողների, որ նրանք կարողանան ներկա լինել Անսիի միջազգային փառատոնին, ֆինանսական աջակցություն ենք տրամադրում նախագծերի զարգացման համար, որոնք հետագայում դիմում են կինոհիմնադրամների։ Այս ամենն իրականություն է դառնում մեր գործընկերների և հովանավորների հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ «ՌեԱ» փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման հարթակ չէ. այն խթանում է անիմացիոն կինոյի զարգացումը:
CoReAct–ի շրջանակում ՝ մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն միջազգային փորձագետներին, որոնք կընտրեն լավագույն աշխատանքները, իսկ հաղթողները կստանան դրամական պարգևներ։ CoReAct-ին աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դիանա Գաբրիելյանը կարևորեց ո՛չ միայն մշակութային ժառանգության պահպանման ծրագրերը, այլև դեպի ապագա նայող նախագծերը:

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի համար համար անիմացիան առանձնահատուկ ոլորտ է, ֆինանսավորման որոշման մեջ փոփոխություններ են կատարվել այս տարի և ավելացվել է անիմացիոն ֆիլմերի նախատեսված գումարի չափը՝ հասնելով 100 մլն դրամ 1 անիմացիոն ֆիլմի համար, սակայն երկու տարվա բյուջեի տրամաբանությամբ:
Փառատոնի հետ երկար տարիներ է, ինչ համագործակցում է Երևանի «Գյոթե» ինստիտուտը: Ինստիտուտի մշակութային ծրագրերի համակարգող Մարիամ Գուրզադյանի խոսքով՝ այս տարի հնարավորություն է ընձեռվել Երևանում հյուրընկալել Գերմանիայից կինոգործիչների, և Երևան կգա բեռլինաբնակ պրոդյուսեր Նորիկ Քեշիշյանը:

Դե, իսկ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան էլ շեշտեց, որ աջակցում են «ՌեԱ» փառատոնին, քանի որ այն Հայաստանն ավելի հայկական է դարձնում՝ միևնույն ժամանակ նաև ավելի եվրոպականին մոտեցնելով:
CoReAct համարտադրության հարթակը լավագույն հնարավորությունն է փորձի փոխանակման տեսանկյունից: Վերոնշյալ գաղափարը կարևորելով՝ հիմնադրման օրից փառատոնի կողքին է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, որի մշակութային կցորդ, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը ևս ներկա գտնվեց լրագրողների հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին Կինոյի Տանը, ինչին կհաջորդի ֆրանսիացի հայտնի անիմատոր, ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆրանս-բելգիական արտադրության ֆիլմի ցուցադրությունը։
«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գլխավոր աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը։