16:37 26 հոկտեմբերի, 2025Երևանում ընթանում է Նորաձևության շաբաթը, որը բավականին հագեցած է ինչպես ցուցադրություններով, այնպես էլ քննարկումներով։ Ամենահետաքրքիր ելույթներից մեկը, թերևս, լյուքսային հագուստի սեգմենտում դիզայներ Ալյոնա Կոննովայի շնորհանդեսն էր։ Նա ներկայացրեց հայկական մինիմալիզմի և ժամանակակից շքեղության իր տեսլականը՝ զուսպ, խոհուն և ձևի վրա հիմնված։

Սեփական բրենդ ունենալու գաղափարն Ալյոնայի մոտ ծնվել է անձնական փորձից հետո։ «Մի անգամ եկա Հայաստան, և ի վերջո այստեղ ամուսնացա։ Եվ բախվեցի այն խնդրին, որ չէի կարողանում ինձ համար հարսանեկան զգեստ գտնել։ Ցանկանում էի գտնել իմ զգեստը։ Ինձ համար այն պետք է լիներ իմ արտացոլումը»։ Այդ ժամանակ նա որոշեց ինքը կարել զգեստը՝ ըստ հայկական ավանդույթի, որտեղ այդ առումով սնահավատություններ չկան։ «Ես որոշեցի հայկական ավանդույթով ինքս ինձ համար զգեստ կարել։ Եվ այդ միտքը հաստատվեց իմ մեջ։ Հասկացա, որ ուզում եմ ինչ-որ բան տալ այն հաճախորդներին, որոնք, հնարավոր է, նույնն են փնտրում»։

Այսպես ստեղծվեց MOMENT of WHITE բրենդը։ Դրա փիլիսոփայությունը հիմնված է ներքին գեղեցկության և մանրուքների ճշգրտության գաղափարի վրա։ «Ես իմ արտադրանքներում զարդարանքի մի մասը թաքցնում եմ ներսում։ Որովհետև մարդը պետք է գեղեցիկ լինիարտաքուստ, բայց շատ ավելի կարևոր է, թե ինչ կա ներսում։ Դա ամենաթանկն է։ Եվ ես նույնն արտացոլում եմ իմ զգեստներում։ Որովհետև այն արտաքուստ կարող է բոլորովին պարզ, լակոնիկ լինել, բայց ներսում ես թաքցնում եմ շատ հետաքրքիր դետալներ, որոնք հետագայում տեսնում են միայն հաճախորդները»։
Մանրուքների նկատմամբ այս պահանջկոտությունը դարձել է նրա մասնագիտական սովորությունը։ «Մենք նույնիսկ հատուկ արտահայտություն ունենք։ Անցյալ տարի ինձ շապիկ նվիրեցին՝ «Ամեն ինչ շատհիանալի է, բայց պետք է վերափոխել» գրությամբ։ Որովհետև միշտ տեղ կա, որտեղ կարելի է ավելի լավ անել»։

Հայաստանը, ըստ դիզայների, օգնել է նրան մինիմալիզմը նորովի տեսնել։ «Առաջինը, թերևս, երբ լսում ես «հայկական մինիմալիզմ», թվում է, թե դա գոյություն չունեցող հասկացություն է։ Որովհետև Հայաստանը վառ է, աղմկոտ, հյութեղ։ Բայց նրանում կա գծերի ցնցող մաքրություն, հատկապես ճարտարապետության մեջ, և անհավանական երկինք։ Ես անընդհատ երկինքն եմ տեսնում։ Ուր էլ որ գնամ»։
Այսօր Կոննովան վստահ է, որ Հայաստանում նորաձևությունը փոխվում է։ «Մենք այս տարի հազիվ էինք հասցնում՝ հաճախորդներն ավելանում են,- NEWS.am STYLE-ին է ասել Ալյոնան։- Հայաստանում սկսվում է լյուքսի ընկալման վերակառուցում. դա պարտադիր չէ, որ լինի ինչ-որ փայլուն բան, որը հեռվից երևա։ Հիմա դա ավելի շատ որակի, ներքին աշխատանքի, ձևի մասին է»։
Նրա հաճախորդները և՛ տեղացի հարսնացուներն են, և՛ արտերկրում բնակվող հայուհիները։ «Նրանք այստեղ են նշում հարսանիքը, ցանկանում են հայ դիզայների զգեստ, բայց միևնույն ժամանակ՝ quiet luxury ոգով։ Երբեմն մայրը կողքին կանգնած ասում է. «Իսկ կարելի՞ է վրան փայլուն քարեր ավելացնել»։ Իսկ մենք թաքցնում ենք։ Մենք նույնիսկ ժանյակներ ունենք զգեստի ներսում, և միայն բացվելիս դա կերևա»։
Կոննովայի համար մինիմալիզմը պարզեցում չէ, այլ ճշգրտություն։ «Մինիմալիզմն ամենադժվար ժանրն է։ Ամեն պարզ բան շատ դժվար է իրականացնել, բայց հենց դրա համար էլ այն ավելի երկար է ապրում»։