12:30 28 հոկտեմբերի, 2025Երևանում կայացած նորաձևության շաբաթվա ամենայուրահատուկ բրենդը շատերի համար դարձավ Themis-ը՝ իր «Քարերի սիմֆոնիա» հավաքածուով։
Պատկերացրեք՝ «Քարերի սիմֆոնիան» քայլում է ձեր աչքերի առաջ՝ իր վայրիվերումներով ու պրինտով. այո՛,այո՛ «Քարերի սիմֆոնիան» Themis-ի հավաքածուում պրինտ է և շատ դեպքերում այնքան նման հուշարձանին, որ թվում էր մոդելները իրենց վրա են վերցրել քարերը և ներկայացնում են մեզ։


Այս հավաքածուն կարծես երաժշտություն լինի հայի մասին, երաժշտություն մեր ինքնության, անցած ճանապարհի, ցավի և տոկուն ոգու մասին․ չէ՞ որ մենք նման ենք մեր քարեղեն հուշարձաններին՝ նույնքան պինդ ենք և անկոտրուն։


Հավաքածուն յուրահատուկ էր, քանի որ այն և՛ հայկական էր ու շատերին հայտնի հուշարձանի մասին, և՛ նորարարական էր՝ իբրև հավաքածուի թեմա. հագուստը ինքը նույնքան իրական էր և «քարեղեն», որքան որակյալ և ֆունկցիոնալ։ «Քարերի սիմֆոնիա» հավաքածուն այն եզակիներից էր, որում հայկականը քողարկված էր. այստեղ չկային գորգանախշեր, այստեղ չկային պատմական դրվագներ և կերպարներ, փոխարենը կար արժեք, որը թե՛ հայկական է, թե՛ միզագային հանրությանը հասկանալի։ Միաժամանակ կար ժամանակակից նորաձևությանը հատուկ կոնստրուկտիվիզմ, ուրճացված սիլուետներ, էկլեկտիկա և, դրան զուգահեռ, պրակտիկ և հասկանալի հավաքածու՝ անգամ նորաձևությունից հեռու մեկի համար։


Այս հավաքածուն նոր ձևով ներկայացրեց հայկականը, գրավելով նաև միջազգային հյուրերի ուշադրությունը, ինչը կարող է ծառայել օրինակ հայ դիզայներների հավաքածուներում հայկական մշակույթի այլ խորհրդանիշներ՝ ճարտարապետական և բնության հուշարձաններ, խաչքարեր, արվեստ ու արհեստ ընդգրկելու համար։
Հերմինե Սահակյան