Նարեկ Ավագյան․ Ունկնդրի խնդիրը, վստահ եմ, որ առաջին հերթին կրթության խնդիր է

11:05   2 նոյեմբերի, 2025

Ունկնդրի խնդիրը, վստահ եմ, որ առաջին հերթին կրթության խնդիրն է։ Բարձրաճաշակ երաժշտությունը պետք է հանրամատչելի դարձնել։ Պետք է կրթել երեխաներին դպրոցներում, ճաշակ ձևավորել։ Իսկ հարց է, թե ինչ են դասավանդում դպրոցներում «Երաժշտություն» առարկայի  դասերին։ Անցնում են չէ՞ նման առարկա։ Էլ չեմ ասում, որ մասնագիտական դպրոցներում կան ուսուցիչներ, որոնք այնպես են «դասավանդում», որ երեխաները սկսում են ատել երաժշտությունը։ 

Զրույց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար և ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր Նարեկ Ավագյանի հետ։ Մենակատար, ով մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում աշխարհի մեծ բեմերում։

Մայրս երաժիշտ է, կոմպոզիտոր և մինչև երաժշտական դպրոց ընդունվելը ծանոթացրել էր երաժշտական գործիքների հետ։ Մտածում էի ջութակը ընտրել, սակայն, երբ լսեցի ֆլեյտայի հնչյունները, հասկացա, որ աստվածային գործիք է, որ իմ գործիքն է։ Կարելի է ասել, դա սեր էր առաջին հայացքից (ժպտում է)։ Ութ տարեկանում ընդունվեցի Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոց, իսկ տասնհինգ-տասնվեց տարեկանում բախտ վիճակվեց մի քանի անգամ վարպետության դասեր վերցնել Ջեյմս Գելուեյի մոտ։ Ասեմ, որ նա ֆլեյտայի աշխարհում նույնքան հայտնի անուն է, ինչպես, օրինակ Յաշա Հեյֆեցը ջութակահարների համար։ Հետո ընդունվեցի Ժնևի Բարձրագույն երաժշտական դպրոց՝ պրոֆեսոր Միշել Բելավանսի դասարան։ 

Ցավում եմ, գիտակցելով, որ իմ աշակերտներից լավագույնները իրենց ապագան Հայաստանի հետ չեն կապելու 

Ֆլեյտան այսօր, Հայաստանում, թերևս, ամենահանրաճանաչ փողային գործիքներից է։ Ես մի քանի երաժշտական դպրոցներում եմ  դասավանդում և կարող եմ ասել, որ փողային գործիքներից ամենաշատ ընդունելությունները ֆլեյտայի դասարանում են։ Երբ ես էի ընդունվում երաժշտական դպրոց, ֆլեյտայի բաժնում սովորողների թիվն այդքան մեծ չէր։ Եվ դա գալիս էր նաև նրանից, որ լավ մասնագետներ չկային, ի տարբերություն, օրինակ ջութակի։ Հիմա պատկերը փոխվել է։ Լավ մասնագետներ կան, ֆլեյտահարների հիանալի նոր սերունդ ունենք։ 

Իմ աշակերտներից շատերն արդեն միջազգային մրցույթներում հաջողության են հասնում։ Սակայն, ցավում եմ, գիտակցելով, որ նրանցից լավագույնները իրենց ապագան Հայաստանի հետ չեն կապելու, քանի որ արտերկում նրանց համար հնարավորություններն ավելի շատ են։ Գիտե՞ք ինչն է առավել ցավալի, որ իմ հրաշք աշակերտները, ովքեր կարող են յուրաքանչյուր նվագախմբի, բեմի, մրցույթի մարգարիտը լինել, այստեղ Երևանում կարող են համերգ ունենալ և այդ համերգին ընդհամենը մի քանի հանդիսատես գա։ 

Դրան ինչ բացատրություն կարելի է տալ, չգիտեմ։ Եթե արտերկրից որևէ հայտնի, «փիառված» դեմք է գալիս, չնայած տոմսերը թանկ են, բայց մարդիկ գնում են, իսկ մեր համերգների տոմսերը մինիմալ գին ունեն, սակայն համերգը կարող է անցնի կիսադատարկ դահլիճում։ Մինչդեռ նույն երաժիշտը այլ երկրների բեմերում, որտեղ տասնապատիկ ավելի թանկ են համերգի տոմսերը ունկնդրի պակաս չունի։ 

Գիտեք, որն է անհասկանալի, որ մեր կոնսերվատորիայի ուսանողները չգրանցվեցին մեծանուն ֆլեյտահարների վարպետության դասերին 

Այն, որ արդեն երկրորդ անգամ Հայաստանում անցավ Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնը, իրադարձություն է։ Ֆլեյտայի փառատոնն ինքնին եզակի երևույթ է։ Աշխարհում շատ քիչ են նման նախագծերը, այն էլ ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Եկան միջազգային ճանաչում ունեցող անուններ, մասնավորապես, Վենսան Լյուկան Ֆրանսիայից, Մարիո Բրունոն՝ Իտալիայից, Դենիս Լուպաչովը՝ Ռուսաստանից, Երժան Կուշանովը՝ Ղազախստանից։ Փառատոնին, բացի համերգներից կայացան շուրջ հարյուր վարպետության դասեր լավագույն մասնագետների կողմից, դասախոսություններ, ստեղծագործական հանդիպումներ։ Նման միջոցառում ունենալու համար պետք է շնորհակալ լինենք փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, «Ֆլեյտային կամուրջներ» միջազգային նախագծի ղեկավար Վարդան Վիրաբյանին։ Եվ գիտեք, որն է անհասկանալի ինձ համար, որ մեր կոնսերվատորիայի ուսանողները հետաքրքրություն չդրսևորեցին, չգրանցվեցին նման մեծանուն ֆլեյտահարների վարպետության դասերին։ Մի քանի հայ, ընդամենը մասնակցեց, մինչդեռ Ռուսաստանի դաշնությունից, օրինակ, մեծ թվով մարդիկ գրանցվեցին, նաև Մեծ Բրիտանիայից, Հունաստանից ու, նույնիսկ, Ամերիկայից։ Բացատրություն չունեմ, այսինքն ունեմ, սակայն ավելի լավ է չասեմ։

Մասնագիտական դպրոցներում կան ուսուցիչներ, որոնք այնպես են «դասավանում», որ երեխաները սկսում են ատել երաժշտությունը

Ես ինքս հիմա Երևանում չեմ ցանկանում համերգներ նախաձեռնել։ Գիտե՞ք ինչ ծանր աշխատանք է կատարում մենակատարը մինչև համերգի իրականացումը։ Ամսից ավել ժամանակ է պետք ծրագիրը կազմելու ու պարապելու համար։ Հետո, համերգից մեկ օր առաջ պարզվում է, որ ընդամենը մի քանի տոմս է վաճառվել։ Եթե մենք մեզ համարում ենք մշակութային երկիր, դա մեզ պետք է անհանգստացնի։ Կարծում եմ, նախ, որ միգուցե մենք դասական համերգի տոմսեր վաճառելու մասնագետներ չունենք, և կամ էլ այնքան էլ մշակութային երկիր չենք։ Եթե ես, անգամ, որոշեմ համերգ կազմակերպել, ապա միայն փոքր դահլիճներում, իմ հավատարիմ ունկնդիրների համար։

Ունկնդրի խնդիրը, վստահ եմ, որ առաջին հերթին կրթության խնդիր է։ Բարձրաճաշակ երաժշտությունը պետք է հանրամատչելի դարձնել։ Պետք է կրթել երեխաներին դպրոցներում, ճաշակ ձևավորել։ Իսկ հարց է, թե ինչ են դասավանդում դպրոցներում «Երաժշտություն» առարկայի  դասերին։ Անցնում են չէ՞ նման առարկա։ Էլ չեմ ասում, որ մասնագիտական դպրոցներում կան ուսուցիչներ, որոնք այնպես են «դասավանում», որ երեխաները սկսում են ատել երաժշտությունը։ 

Բայց միայն խոսելն ու քննադատելը, մեղմ ասած, ճիշտ չէ։ Յուրաքանչյուրն, ով հնարավորություն ունի ինչ որ բան դեպի լավը փոխելու, պետք է փորձի։ Ես, օրինակ, մտադրություն ունեմ երեխաների համար հետաքրքիր ծրագրեր մտածել, շրջել դպրոցներում, տեղեկացնել այդ ծրագրերի մասին։ Մտադրություն ունեմ նաև օնլայն հարթակը օգտագործել։ Տեսնենք։



© NEWS.am STYLE