15:55 3 նոյեմբերի, 2025Հոկտեմբերի 23–26-ը Երևանը դարձել էր նորաձևության և ստեղծագործական ոգու կենտրոն՝ հյուրընկալելով Yerevan Fashion Week 2025 միջոցառումը, որը արդեն երրորդ տարին շարունակում է համախմբել տեղական և միջազգային դիզայներներին, արվեստագետներին ու նորարարներին։ Այս տարի նորաձևության շաբաթը ավելի բազմաշերտ և արտահայտիչ էր՝ ընդգծելով նորարարությունը, կայուն նորաձևության գաղափարը և մշակութային ինքնությունը։
Միջոցառման ընթացքում ավելի քան 20 հավաքածուներ ներկայացվեցին Հայաստանից դիզայներների, ինչպես նաև ԱՄԷ–ից, Իրանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից և Ռուսաստանից։ Fashion Week-ի ծրագրում ներառված են նաև Fashion Talks պանելային քննարկումներ, Fashion Expo ցուցահանդես ավելի քան 60 հայկական և միջազգային բրենդերի մասնակցությամբ, ինչպես նաև արվեստի ցուցադրություններ և էկո-մոդայի նախագծեր։
Fashion Expo-ի շրջանակում Մերիդիան Էքսպոյում իր առանձնահատուկ տաղավարով հանդես եկավ Curious X-ը՝ հարթակ, որտեղ ամենահետաքրքիր մտքերն ու գաղափարները հատվում են՝ ձևավորելով անսպասելի համադրություններ, նոր իմաստներ և փոխակերպող փորձառություններ։
Curious X-ը տարածք է, որտեղ ստեղծագործական էներգիան վերածվում է շարժման․ այստեղ ավանդականը վերաիմաստավորվում է, վերածվում ժամանակակիցի, իսկ արվեստը ստանում է նոր շունչ՝ խոսելով ներկայի լեզվով։
Այս հարթակում հանդիսատեսը կարողանում էր մտնել ստեղծագործական տիեզերք՝ ուսումնասիրելու, կապ հաստատելու արվեստի և նոր գաղափարների հետ։ Այցելուները կարող հնարավորություն ունեին քվեարկել այն գործերի օգտին, որոնք առավել են ոգեշնչում, դառնալով համահեղինակներ մի շարժման, որը վերափոխում է մեր ընկալումը արվեստի մասին։ Այստեղ ամեն ձայն կարևոր է, ամեն ընտրություն՝ ստեղծարար քայլ։
Yerevan Fashion Week 2025-ի շրջանակում Curious X-ի գործընկերները՝ Գայանե Գևորգյանը (Styled by Gaya) և GaReggin-ը, ներկայացրեցին իրենց յուրահատուկ համագործակցությունը հոկտեմբերի 26-ին, ժամը 20:30-ին, փակման ցուցադրության ընթացքում։
Գայանեն ներկայացրեց իր նոր «Արձագանք» հավաքածուն՝ պատմություն վերածննդի, զգացմունքի և ներդաշնակության մասին։ Ինչպես նշեց դիզայները՝ «Հետաքրքիր, շատ օրիգինալ կերպարներ ստեղծվեցին, որոնք, կարծում եմ, շատերին կմոտիվացնեն և շատերի համար առիթ կդառնան արվեստը սիրելու, արվեստը գնահատելու և միանշանակ յուրաքանչյուր դետալին կարևորություն տալու»։ Ցուցադրության շրջանակում ներկայացվեցին երկու բացառիկ կերպարներ, որոնցում GaReggin-ի բնօրինակ արվեստի գործերը խնամքով միավորված են Gaya-ի դիզայնների մեջ։ Այս ստեղծագործությունները միավորում են նորաձևությունն ու կերպարվեստը՝ ձևավորելով եզակի վիզուալ պատմություն, որտեղ հագուստը վերածվում է շարժվող կտավի։
Yerevan Fashion Week-ի կարևոր բաղադրիչն էր նաև Fashion Scout Armenia երիտասարդ դիզայներների մրցույթը, որն անցկացվեց միջազգային Fashion Scout հարթակի հետ համագործակցությամբ։ Մրցույթի նպատակն էր բացահայտել և միջազգային հարթակ դուրս բերել հայ դիզայներներին։
Այսպիսով, Yerevan Fashion Week 2025-ը ոչ միայն նորաձևության, այլև արվեստի, գաղափարների և համագործակցության տոն է։ Այն ցույց է տալիս, որ ստեղծագործականությունը սահմաններ չունի, երբ տարբեր ոլորտներ միավորվում են՝ ձևավորելով նոր լեզու, նոր մոտեցումներ և նոր տեսլականներ։