Աշխարհի ամենաթանկ բրինձը՝ Ճապոնիայից. եզակի Kinmemai Premium-ը գրավում է գուրմաններին

22:18   5 նոյեմբերի, 2025

«Աշխարհի լավագույն բրինձը» ոսկեգույն մակագրությամբ էլեգանտ սև տուփը ձեռքին՝ ճապոնացի խոհարար Կենիչի Ֆուջիմոտոն կասկածանքով ժպտում է. «Այս պրեմիում արտադրանքը հաճախ ավելի շատ առևտրային է, քան իսկապես բարձրորակ»,-ասում է Հոնկոնգում գտնվող Sushi Fujimoto-ի սեփականատերը։

Սակայն, ինչպես գրում է CNN-ը, խոհարարը, որն ունի ավելի քան 20 տարվա փորձ, խոստովանում է՝ նա երբեք նման բրնձի չի հանդիպել։

Աշխարհի ճանաչում և ռեկորդներ

Kinmemai Premium-ի արտադրողները պնդում են, որ դա աշխարհի լավագույն բրինձն է։ 2016 թվականին Գինեսի համաշխարհային ռեկորդների գիրքը այն ճանաչեց որպես ամենաթանկը։ Ամեն տարի արտադրվում է ընդամենը 1000 տուփ, իսկ գինը հասնում է 10,800 իենի (մոտ 73 դոլար մեկ տուփի համար)։

Ճապոնացիների համար բրինձը «հոգու սնունդ» է, նշում է Ֆուջիմոտոն։ «Սուշիի համար բրինձն ամենակարևորն է. համի 80%-ը գալիս է դրանից, և միայն 20%-ը՝ ձկից»։

Ստեղծելով եզակի արտադրանք

Toyo Rice Corporation-ի 91-ամյա նախագահ Կեյջի Սաիկան CNN-ին ասել է, որ Kinmemai Premium նախագիծը նպատակ չունի գումար վաստակել: Դրա փոխարեն, այն նպատակ ունի բարձրացնել ճապոնական բրնձի ճանաչելիությունը և խրախուսել ֆերմերներին աճեցնել բարձրորակ տեսակներ:

Ամեն տարի Սաիկան ավելի քան 5000 թեկնածուներից ընտրում է բրնձի չորսից վեց լավագույն տեսակներ՝ գնահատելով ոչ միայն համը և կառուցվածքը, այլև ֆերմենտների մակարդակը, որոնք ցույց են տալիս հատիկի կենսունակությունը: Այնուհետև բրինձը ենթարկվում է հասունացման գործընթացի՝ համը բարելավելու և առողջության համար օգտակար հատկությունները խթանելու համար:

Բարձրորակ համ և գաստրոնոմիկ փորձ

Շեֆ-խոհարար Ֆուջիմոտոն բրինձը պատրաստում է թուջե կաթսայի մեջ և նշում. «Գույնը մաքուր է, հատիկները փայլուն են, բույրը՝ հավասարակշռված, համերը լավ ներդաշնակեցված են, կառուցվածքը՝ գերազանց»: Նա նաև պարզաբանում է, որ այս տեսակի բրինձը չափազանց թանկ է սուշի ռեստորանում օգտագործելու համար և ավելի հարմար է կայսեկիի՝ ավանդական ճապոնական գուրման ուտեստների մատուցման համար:

Մեկ այլ խոհարար՝ Հոնկոնգից Նանսեն Լայը, Kinmemai Premium-ը համեմատոիմ է թայլանդական և ճապոնական բրնձի ավանդական խառնուրդի հետ: «Այն համեղ է, ավելի բարդ և խորը համով։ Դուք կարող եք ուտել այս բրինձը առանց որևէ հավելանյութի»,-նշում է նա։

Առաքելություն և ժառանգություն

Նա, սայկան, ընդգծում է, որ իր աշխատանքը ոչ միայն բիզնես է, այլև առաքելություն։ «91 տարեկանում ես շարունակում եմ ամեն օր գնալ աշխատանքի, քանի որ հոգ եմ տանում Ճապոնիայի ապագայի և հասարակության զարգացման մասին»։

Kinmemai Premium-ը պարզապես թանկարժեք բրինձ չէ. այն ճապոնական մշակույթի, որակի նկատմամբ կրքի և ավանդույթների նկատմամբ հարգանքի խորհրդանիշ է, որը ոգեշնչում է ինչպես խոհարարներին, այնպես էլ ֆերմերներին՝ ամբողջ երկրում։



© NEWS.am STYLE