21:34 12 նոյեմբերի, 2025Աբերդինի դպրոցում Սուրբ Ծննդյան կախարդանքը վտանգված է. ծնողների խոսքով՝ Գրինբրեի նախակրթարանի ուսուցիչը երեխաներին ասել է, որ Սանտա Կլաուս գոյություն չունի, հաղորդում է Daily Mail-ը։
Դեպքը տեղի է ունեցել Հելոուինի դասի ժամանակ, երբ աշակերտները հարցեր էին տալիս սրբերի, այդ թվում՝ Սուրբ Նիկողայոսի՝ Սանտա Կլաուսի մասին։
Ծնողները ցնցված էին։ «Դա լավ չէ, երեխաները նեղված են։ Դպրոցը փչացրել է Սուրբ Ծննդյան կախարդանքը»,-ասել է մայրերից մեկը։ Մյուսները պնդել են, որ ուսուցիչը պետք է «նկատողություն» ստանա իր խոսքերի համար։
Աբերդինի քաղաքային խորհուրդը, ի վերջո, միջամտել է։ «Մենք գնահատում ենք տոնի կախարդանքն ու ուրախությունը և շնորհակալ ենք այն ծնողներին, ովքեր մտահոգություններ են հայտնել։ Մենք ներքին հետաքննություն ենք անցկացնում և դրա արդյունքները կիսում ենք անձնակազմի հետ՝ նրանց օգնելու համար զգայուն քննարկումներում կողմնորոշվել»,-նշել են նրանք։
Որոշ ծնողներ խոստովանել են, որ Սանտա Կլաուսի գոյության մասին «դառը ճշմարտությունը» թաքցնելը գնալով դժվարանում է։ «Ես արդեն քննարկել եմ սա իմ երեխաների հետ։ Կարծում եմ՝ դա պետք է մնա ծնողների իրավասությունը»,- ասել է նրանցից մեկը։
Ինչպես նշում են մասնագետները, շատ երեխաների համար Սուրբ Ծնունդը ոչ միայն տոն է, այլև կախարդական փորձառություն, որը ստեղծում է երկարատև և ջերմ հիշողություններ: Ծնողների համար նույնիսկ Սանտայի մասին «տեղեկատվության աննշան արտահոսքը» իսկական ողբերգություն է: