Թոմ Քրուզը վերջապես տուն տարավ իր առաջին Օսկարը` Հոլիվուդում 45 տարվա կարիերայից հետո

13:04   17 նոյեմբերի, 2025

Լոս Անջելեսում կայացած «Governors Awards» մրցանակաբաշխության ժամանակ Թոմ Քրուզը ստացավ իր կարիերայի առաջին Օսկարը՝ պատվավոր արձանիկ, որը գնահատում է նրա ներդրումը կինոարվեստում։

63-ամյա դերասանը, որը երեք անգամ առաջադրվել էր, բայց երբեք չէր պարգևատրվել, բեմ բարձրացավ «Առաքելությունն. Անիրագործելի» ֆիլմի թեմայի ներքո և արժանացավ երկարատև ծափահարությունների։ Ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, որը Քրուզի հետ աշխատում է 2026 թվականի ֆիլմի վրա, նրան անվանեց «ոչ միայն ֆիլմեր նկարահանող, այլև կինոյի մարմնացում»։

149c7317-6c7a-4900-9d90-5d4ecf8c544e.jpeg (48 KB)

«Ֆիլմեր նկարահանելն այն չէ, ինչ ես անում եմ, այլ այն, թե ով եմ ես»,-ասել է Քրուզը՝ շնորհակալություն հայտնելով ստուդիաներին, գործակալություններին, ռեժիսորներին, կասկադյորական թիմերին, թատրոններին և հանդիսատեսին. «Առանց ձեզ, սա ոչինչ չի նշանակում»։

Նա խնդրել է բոլոր նրանց, ովքեր երբևէ աշխատել են իր հետ, կանգնել, և դահլիճը ոտքի է կանգնել, այդ թվում՝ Սթիվեն Սփիլբերգը, Ջերի Բրուքհայմերը, Քրիստոֆեր Մաքքուորին և շատ ուրիշների։ «Դուք գտնվում եք իմ նկարահանած և նկարահանվելիք յուրաքանչյուր ֆիլմի յուրաքանչյուր կադրում»,-ավելացրել է դերասանը: «Եվ ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ՝ կինոն պաշտպանելու և աջակցելու համար… հուսով եմ՝ առանց շատ կոտրվածքների»:

bc2b2c65-75ba-4e67-9bbb-7a8f19470c23.jpeg (38 KB)

Քրուզի հետ մեկտեղ պատվավոր մրցանակներ են հանձնվել նաև բեմադրող դիզայներ Ուին Թոմասին և դերասանուհի, պրոդյուսեր և պարուսույց Դեբի Ալենին: Ջին Հերշոլտի մարդասիրական մրցանակը շնորհվել է Դոլի Փարթոնին. նա չի կարողացել մասնակցել, բայց ձայնագրված հաղորդագրություն է ուղարկել՝ բոլորին հիշեցնելով իր առաջնորդող սկզբունքի մասին. «Որքան շատ ես տալիս, այնքան շատ ես ստանում»:

e0bda272-91b0-45f8-9556-e7325f3fdca3.jpeg (45 KB)

Արարողությանը հավաքվել էին Հոլիվուդի ամենամեծ անունները՝ Լեոնարդո ԴիԿապրիոյից և Ջենիֆեր Լոուրենսից մինչև Արիանա Գրանդե, Սիդնի Սուինի և Ջեյքոբ Էլորդի: Այս մրցանակաբաշխությունը դարձել է հիմնական կանգառներից մեկը, որտեղ հավաքվում են թեկնածուները, Ակադեմիայի անդամները և Օսկարի ապագա հավակնորդները:

Քրուզի համար այս գիշերը պատմական էր: Պատվավոր արձանիկը նրա առաջին Օսկարն է կինոարվեստում 45 տարիների ընթացքում: Եվ ինչպես Ինյարիտուն ակնարկեց, գուցե ոչ վերջինը:

Լուսանկարները՝ Քևին Վինթեր/Getty Images, Քրիս Պիցելլո



© NEWS.am STYLE