Հիլարի Դաֆը արձագանքել է այն ենթադրություններին, թե իր «Mature» երգն իրականում Լեոնարդո ԴիԿապրիոյի մասին է

11:34   25 նոյեմբերի, 2025

Հիլարի Դաֆը անկեղծ խոստովանություն է արել։

Ինչպես գրում է E! News-ը, նրա նոր՝ «Mature» երգի թողարկումից անմիջապես հետո, սկսեցին լուրեր տարածվել երգի ոգեշնչման աղբյուրի մասին։ Այդ տեսություններից շատերը մատնանշում էին Լեոնարդո ԴիԿապրիոյին՝ «Very Leo of you with your Scorpio touch» տեքստի պատճառով, իսկ նրա ամուսինը՝ Մեթյու Կոման, միայն յուղ էր լցնում կրակի վրա՝ տարածելով «Տիտանիկ» ֆիլմից դերասանի մեմը, որը ձեռքում պահում էր ալբոմի նկարը։ Իսկ ինչպե՞ս է երգչուհին ինքը վերաբերվում այդ լուրերին։

«Նախևառաջ, մենք ամենամեծ հաճույքն ենք ստանում ենթադրություններից»,-ասել է Հիլարին նոյեմբերի 22-ին՝ «On Air With Ryan Seacrest» հաղորդման ժամանակ։ «Անկեղծ ասած, դա հուզիչ է։ Դա 100 տոկոսով հուզիչ է, իսկ ինտերնետը շատ զվարճալի վայր է։ Ես հետևում եմ բոլորին, դիտում եմ բոլոր տեսանյութերը»։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք «Մեծն Գեթսբի»-ի դերասանը իսկապես այդ  «Առյուծն» է, նա շարունակել է. «Դուք չեք կարող լուրջ ընդունել Մեթյուի հրապարակած որևէ բան: Նա Երկիր մոլորակի ամենամեծ տրոլն է: Նա բոլորին կտանի բոլոր ճանապարհներով և դա անելով՝ շատ կուրախանա»:

Այնուամենայնիվ, 38-ամյա դերասանուհին շարունակել է: «Այսպիսով, ես ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում»:



© NEWS.am STYLE