Դորիան Ռոսսելի և Novents School-ի համագործակցությունը եզրափակվեց նոր ներկայացման պրեմիերայով

17:27   26 նոյեմբերի, 2025

Այս նոյեմբերին Նովենց դպրոցը ընդունեց ժամանակակից եվրոպական բեմարվեստի նշանակալի ներկայացուցիչներից մեկին՝ շվեյցարացի ճանաչված ռեժիսոր Դորիան Ռոսսելին։ Նրա այցը Հայաստան և ուսումնական-ստեղծագործական լաբորատորիայի անցկացումն իրականություն դարձան դպրոցի և Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի համագործակցության շնորհիվ։

IMG_3587.jpeg (101 KB)

Միջազգային հնչեղ անուն հայկական բեմում

Դորիան Ռոսսելը երկար տարիներ ճանաչված է միջազգային թատերական դաշտում։ Նրա բեմադրությունները ներկայացվել են Եվրոպայի և Ասիայի առաջատար թատրոններում, իսկ նախագծերը հնչել են տարբեր հեղինակավոր փառատոներում։ Ռոսսելը մասնագիտական համագործակցություն է ունեցել համաշխարհային արվեստի կարևոր անունների հետ՝ Մարթա Արգերիխ, Օդրի Վերնոն, Բրիջիթ Ռոսսե։ Նրա բեմական մտածողության ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողել Ռոբեր Լեպաժը, Լա Ռիբոտը, Յոշի Օիդան։ Ռոսսելը աշխատել է նաև Փիթեր Բրուքի արվեստանոցում և նրան մշտապես թվում է իր վարպետների շարքում։

IMG_3588-1.jpeg (81 KB)

12-ժամյա լաբորատորիա երբ ուսուցումը դառնում է ստեղծագործություն

Դպրոցում անցկացված աշխատանքը ուսանողների համար դարձավ իրական ստեղծագործական լաբորատորիա։ Փորձերը տևում էին օրական մինչև 12 ժամ, ինչը հնարավորություն տվեց խորանալ բեմադրական որոնումների, գործողության իմաստաբանության և թիմային մտածողության մեջ։ Ուսանողները ոչ միայն սովորեցին նոր տեխնիկաներ, այլ նաև ծանոթացան եվրոպական թատերական դպրոցի մտածողությանը, որում առաջնային է ոչ թե պարզապես խաղը, այլ՝ գաղափարի մարմնավորումը։

IMG_3589-1.jpeg (208 KB)

Պրեմիերա «Փոթորիկը» որպես երևակայության թատրոն

Նոյեմբերի 19-ին հանդիսատեսին ներկայացվեց Ուիլյամ Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի նոր բեմականացումը՝ Դորիան Ռոսսելի ռեժիսորությամբ։ Ներկայացումը ցուցադրում էր, թե ինչպես կարելի է ամենապարզ նյութերով ստեղծել ուժեղ տեսողական և զգայական ներգործություն։ Բեմում փոթորկի տեսարանը մարմնավորվել էր առօրյա պլաստիկ նյութերի՝ տոպրակների, շշերի և թեթև պլաստիկե իրերի շարժման ու հնչյունների միջոցով։ Այս լուծումն ամրապնդում էր ռեժիսորի մոտեցումը՝ թատրոնը հնարավոր է կառուցել ոչ թե շքեղությամբ, այլ երևակայությամբ։

IMG_3590.jpeg (967 KB)

Ավելին սկիզբ, քան ավարտ

Ներկայացումը ներկայացվեց որպես Ռեժիսորա–դերասանական կուրսի (ղեկավար` Հակոբ Ղազանչյան) նախադիպլոմային աշխատանք, սակայն իր բովանդակությամբ այն շատ ավելի լայն նշանակություն ուներ։ Ուսանողների համար սա դարձավ մասնագիտական աճի կարևոր փուլ՝ հանդիպում միջազգային փորձ ունեցող ռեժիսորի հետ, նոր մեթոդաբանությունների ուսումնասիրություն և բեմական մտածողության վրա հիմնված աշխատանք.

IMG_3591-1.jpeg (903 KB)

Ռոսսելի հետ իրականացված լաբորատորիան ապացուցեց, որ նման համագործակցությունները կարող են նոր հարթություններ բացել հայ երիտասարդ դերասանների և ռեժիսորների համար։

Ինչպես դպրոցն է նշում

«Սա պարզապես մի փոթորիկի ավարտ չէր, այլ նոր փոթորիկների սկիզբ»։

IMG_3592.jpeg (1.30 MB)
IMG_3593-1.jpeg (676 KB)



© NEWS.am STYLE