«Եթե դա քո հագուստը չէ, անկախ նրանից, նորաձեւ է, թե՝ ոչ, մի ընտրիր այն». բլոգեր Գայանե Շահինյան

11:46   17 փետրվարի, 2014

Գայանե Շահինյանը նորաձեւության մասին բլոգ է վարում արդեն երկու տարի: Այս ընթացքում Գայանեն հասցրել է տարբեր համագործակցություններ ունենալ, ինչպես նաեւ բացել իր օնլայն խանութը` Shaga Shop-ը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա պատմում է իր բլոգի ստեղծման, հայաստանյան նորաձեւության վիճակի եւ ոճային լինելու գաղտնիքների մասին:

Ինչպե՞ս ծնվեց նորաձեւության մասին բլոգ վարելու միտքը:

Օրվա ընթացքում մարդու ուղեղում ծնվում են տարբեր մտքեր, հետաքրքիր գաղափարներ, որոնք ինչ-որ պահի անգամ ոգեւորում են նրան: Բայց հետո նա մոռանում է դրանց մասին, քայլեր չի ձեռնարկում: Ինձ մոտ եղավ հակառակը. գաղափարը ծնվեց, մտածեցի, որ կարելի է անել ու արեցի: Հստակ պատասխանել, թե ինչպես որոշեցի բացել բլոգը հարցին, չեմ կարող: Կարեւորը հասկանաս, թե ինչի համար է քեզ բլոգը պետք, ուր է քեզ տանում, ինչ-որ կոնկրետ նպատակ ունենաս: Ոչ մի վայրկյան չծախսես այնպիսի բաների վրա, որոնք քեզ չեն հետաքրքրում եւ անսահման սիրես այն, ինչ անում ես:

Ի՞նչ է քեզ տալիս բլոգը եւ, ըստ քեզ, ի՞նչ է տալիս այն ընթերցողներին:

Որքան ինձ հիշում եմ՝ իմ գործունեությունն ինչ-որ առումով միշտ կապված է եղել նորաձեւության հետ. եթե աշխատում էի ամսագրերում, ապա գրում էի հիմնականում նորաձեւության մասին, եթե խաղում էի թատրոնում կամ հեռուստատեսությամբ հաղորդում էի վարում, ապա անպայման ինչ-որ մասնակցություն էի ունենում հագուստիս ընտրության, դիմահարդարման եւ սանրվածքի հարցերում: Բլոգը հնարավորություն է տալիս ինձ հետաքրքրող մասնագիտությունները համատեղել մեկ վայրում: Եղավ մի պահ, որ հասկացա, որ կարիք ունեմ ստեղծել մի բան, որը կլինի իմը, որը ինձ կոգեշնչի, ինձ ստեղծագործելու հնարավորություն կտա: Բլոգի շնորհիվ ես տարբեր համագործակցություններ ունեցա, բացեցի իմ օնլայն խանութը` Shaga Shop-ը: Ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ, եթե դա հետաքրքիր է նաեւ այլ մարդկանց, եթե նրանց էլ դուր է գալիս կամ կարդում են, ինձ այդ միայն հաճելի է:

Ի՞նչ ես փորձում հասցնել ընթերցողներիդ:

Ես ուզում եմ, որ մարդիկ կարողանան նկատել լավը, գեղեցիկը, ուզում եմ լավատես լինեն, սիրեն կյանքը: Ուզում եմ, որ չվախենան տարբերվել, չվախենան իրենց երազանքներից: Սիրեն իրենց, ինքնավստահ լինեն, չփորձեն դուր գալ բոլորին, ապրեն իրենց համար, չդավաճանեն իրենց, ուրախանան փոքր բաներից: Ես չգիտեմ՝ այս ամենն ինձ մոտ ի՞նչ չափով է ստացվում փոխանցել մարդկանց, բայց կցանկանայի, որ իմ բլոգն այս առումով ոգեշնչի մարդկանց, լավատեսություն փոխանցի:

Ի՞նչ է պետք այսօր նորաձեւ լինելու համար:

Բոլորովին պարտադիր չէ լինել նորաձեւ: Կարեւորը լինես բանական, ներդաշնակ: Նորաձեւությունը շատ անհատական հարց է: Մեկը կարող է աչքերը փակ հետեւել նորաձեւությանը եւ դառնալ նորաձեւության զոհ, մյուսը կարող է նորաձեւության օգնությամբ ընտրել իրեն ամենից շատ համապատասխանող ոճն ու անընդհատ կատարելագործել այն: Ես շատ եմ ուզում, որ մարդիկ չդավաճանեն իրենք իրենց, թեկուզ հենց նորաձեւության հարցում. եթե դա քո հագուստը չէ, անկախ նրանից՝ նորաձեւ է, թե՝ ոչ, մի ընտրիր այն:

Ինչպե՞ս ես վերաբերում քո հասցեին հնչող քննադատություններին:

Ոչ միայն որպես բլոգեր, ընդհանրապես իմ կյանքում հասկացել եմ, որ պարտավոր չեմ բոլորին դուր գալ: Միշտ էլ կլինեն մարդիկ, ում ինչ-որ բան դուր չի գա: Մեծ հաշվով ինձ համար միեւնույն է:

Իսկ ի՞նչ կարծիք ունես հայաստանյան նորաձեւության մասին:

Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ, երբ ինքս որպես լրագրող հարցազրույց էի վերցնում հայ դիզայներներից, նրանք նշում էին, որ չնայած այդ պահին ամեն ինչ վատ է, բայց հետագայում շատ բան է փոխվելու եւ, փաստորեն, նրանք չէին սխալվում: Հիմա դրական շատ փոփոխություններ ենք տեսնում: Հաճախ կարելի է տեսնել նորաձեւ, ոճային մարդկանց մեր փողոցներում: Իսկ ամենակարեւորն այն է, որ մեր փողոցներում շատացել են ժպտացող մարդիկ: Այո, սա նորաձեւության հետ այնքան էլ կապ չունի, բայց հրաշալի փաստ է:

Քո խորհուրդը նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց ոճը:

Խորհուրդ եմ տալիս սիրահարվել: Սիրահարված լինելը մոտիվացնում է: Սա Սիրո տոների հետ կապված հիշեցի: Իսկ, ընդհանրապես, ես խորհուրդ տալ չեմ սիրում, միակ բանը, որ կարող եմ ասել` սիրեք ձեզ, լսեք ձեր ներքին ձայնին: Եթե այն, ինչ հագնում եք, ձեզ դուր է գալիս, դա արդեն գործի կեսն է: Իսկ մյուս կեսի համար իմ բլոգին հետեւեք:



© NEWS.am STYLE