10:30 28 նոյեմբերի, 2025«Միսս Անգլիա» թագադրված առաջին բացահայտ նույնասեռական կինը ասել է, որ «երկար չի մտածել» գեղեցկության մրցույթում իր սեռական կողմնորոշման մասին խոսելու մասին, գրում է The Times-ը։
Լեսթերշիրից երաժշտական թատրոնի 20-ամյա ուսանողուհի Գրեյս Ռիչարդսոնը հաջորդ տարի կներկայացնի Անգլիան «Միսս Աշխարհ» մրցույթի եզրափակիչ փուլում։
Նա խոսել է գեղեցկության մրցույթում լեսբուհիների համար ճանապարհ բացելու իր հպարտության մասին։
Նա ասել է. «Ես անպայման այդ զրույցներն ունեցել եմ իմ ընկերների և ընտանիքի հետ՝ անկախ նրանից, թե պետք է դա նշեմ, թե ոչ։ Իմ զուգընկերուհին գալիս էր յուրաքանչյուր միջոցառման, այնպես որ դա մի տեսակ ակնհայտ էր։ Շատ ուշադիր նայելու կարիք չկար։ Ես երկար չեմ մտածել հարցազրույցի ժամանակ դրա մասին խոսելու մասին»։
Մրցույթի սկզբնական փուլերում նրան հարցրել են կյանքում իր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերների մասին։ Նա ասել է. «Առաջին բանը, որի մասին ես մտածեցի, դպրոցում ծաղրելն էր, երբ ես բացահայտեցի իմ ինքնությունը»։
Նա ավելացրել է. «Ես այն չեմ, ինչ կարող եք ակնկալել որպես կարծրատիպային գեյ կին: Երբ 14 տարեկան էի, սկսեցի ինքս ինձ կասկածի տակ դնել: Ես նման չէի մյուս աղջիկներին: Ես սիրահարվածություն չէի զգում տղաների հանդեպ: Ես պատմեցի իմ ընտանիքին և ընկերներին և գրառումներ արեցի սոցիալական ցանցերում իմ անձնական էջերում: Բայց երբ վերադարձա դպրոց, որոշ մարդիկ պարզապես չընդունեցին դա:
Երբ հարցազրույցի ժամանակ ինձ հարցրին՝ արդյոք որևէ դժվարության հանդիպե՞լ եմ, ես ուզում էի խոսել դրա մասին, քանի որ ուզում էի բացասականը վերածել դրական բանի»:
Ոստիկանության նախկին սերժանտի և գրադարանավարի դուստր Ռիչարդսոնը սովորում է Լեսթերի կատարողական արվեստների քոլեջի վերջին կուրսում: