«Սա ողբ չէ, այլ՝ հիշատակ և գոյատևման պայքար». նկարիչ Աշոտ Վարդանյանի ցուցահանդեսը՝ «15»

11:05   29 նոյեմբերի, 2025

Կամերային թատրոնում կայացել է նկարիչ Աշոտ Վարդանյանի ցուցահանդեսը, որը կրում է «15» խորհրդանշական խորագիրը:

IMG_3714.jpeg (418 KB)

«1915 թվականը հայ ժողովրդի պատմության խորը վերքն է, որը չի սպիանում մինչ այսօր՝ այլ ապրում է մեզ հետ, մեր աչքերում, մեր ներկայում և մեր հիշողության մեջ»,-խոսելով իր աշխատանքների ու ցուցահանդեսի թեմայի մասին՝ պատմում է նկարիչը՝ հավելելով, որ այդ անցյալն այսօր էլ հետապնդում է մեզ և, «ցավոք, կրկնվում է»։

Աշոտի խոսքով այս աշխատանքներն իրենց մեջ ամփոփում են ապրումներ և հիշողություն, «որոնք միշտ կուղեկցեն յուրաքանչյուրիս»։

IMG_3713.jpeg (2.63 MB)IMG_3712.jpeg (2.38 MB)

«Այս նկարները ծնվել են պատմելու և վերապրելու անհրաժեշտությունից։ Սա ողբ չէ, այլ՝ հիշատակ և գոյատևման պայքար»,-ասում է ստեղծագործողը:

IMG_3711.jpeg (324 KB)

«Արվեստը ինձ համար միակ ճանապարհն է՝ փոխանցելու այն, ինչը պետք է չմոռացվի»։

Նկարիչը հավելում է՝ այս գործերը նրանց մասին են, ովքեր հավերժացան, բայց մնացին մեզ հետ՝ հողի, արյան և հիշողության ձևով։

IMG_3710.jpeg (1.64 MB)

«Նկարները պատմում են այն, ինչը բառերով ասել չեմ կարող։ Իմ նպատակն է ցույց տալ աշխարհին մեր մշակույթը, պատմությունը և այն, ինչն այսօր փորձում են մոռացության մատնել։ Բայց այսօր էլ մենք այստեղ ենք, մենք հիշում ենք և շարունակում ապրել ու արարել»։

Աշոտ Վարդանյանը 6 տարեկանից հաճախել է Նորքի Հայորդյաց տուն գեղանկարչության բաժին՝ Վահե Վանի արվեստանոց։ 2020 թվականին ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյայնի անվան գեղարվեստի պետական քոլեջ։ 2025 թվականին ավարտել է և նույն թվականին ընդունվել Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժինը:

IMG_3717.jpeg (2.09 MB)

Մասնակցություն է ունեցել մի շարք խմբակային ցուցահանդեսների, այդ թվում նաև Նկարիչների միությունում անցկացվող ամենամյա «Վարկանիշային» ցուցահանդեսներին:

Վերջերս մասնակցել է Կինոյի տանը կազմակերպված՝ «Անցումներ» տեղեկատվական ցուցահանդեսին:

Սա նրա առաջին անհատական ցուցահանդեսն է՝ նվիրված 1915 թվականի ցեղասպանությանը։ Ասում է՝ երկար ժամանակ է պատրաստվել այս ցուցահանդեսին։ «Ինձ համար արվեստը միակ ճանապարհն է փոխանցելու այն, ինչը չպետք է մոռացվի»,-հավելում է նկարիչը:



© NEWS.am STYLE